Գյումրիում տարիներ շարունակ դժգոհ են եղել համատիրությունների աշխատանքից
Գյումրիում համատիրությունների աշխատանքից դժգոհողներ միշտ էլ եղել են: Բազմաբնակարան շենքերի բնակիչների մեծամասնությունը նշում է, որ համատիրությունների հավաքագրած վճարներով շենքերում անհրաժեշտ հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ կտուրների վերանորոգման աշխատանքներ, մեծամասամբ չեն իրականացվում: Տարիներ շարունակ շենքերի բնակիչները համատիրություններին անհրաժեշտ գումարներ են վճարում, սակայն երբ շենքերում անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հարց է բարձրացվում, դրանք մեծամասամբ չեն իրականացվում:
Անգամ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր դեռևս 2012 թվականին դժգոհել Գյումրու համատիրությունների աշխատանքից: Այն ժամանակ դեռևս Գյումրու բազմաբնակարան շենքերը 20-ից ավել համատիրությունների կողմից էին կառավարվում:
Համատիրության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ համատիրության միջոցները
գոյանում են՝ համատիրության անդամների և շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումներից և այլ վճարումներից:
Համատիրության միջոցների ծախսերի ուղղություններն են` պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերը, աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերը, տնտեսական ծախսերը (փոստային, կապի, տպագրական, գրասենյակային պիտույքների ապահովման և այլն), ընդհանուր գույքի վերականգնման ու վերանորոգման ծախսերը:
Այս ոլորտում «Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների համաձայն, բնակիչների շրջանում անցկացված հարցումներից պարզ է դարձել, որ բնակիչները հետաքրքրված են իրենց շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներով և այդ գործընթացին համատիրությունների մասնակցությամբ, ինչի մասին վկայում է ոչ միայն հարցումներին ակտիվ մասնակցությունը, այլև նրանց արձագանքը և հնչած կարծիքներն ու մտահոգությունները:
Թվով 40 հարցվածներից միայն 6-ը չեն ցանկացել պատասխանել հարցերին: Սակայն, հետաքրքրված լինելով հանդերձ, ոչ մի հարցվող տեղյակ չի եղել համատիրության պարտականությունների և ոչ մի անգամ չէր լսել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի մասին, ինչից էլ բխում են մի շարք խնդիրներ:
Դա ոչ միայն խոչընդոտում է բնակիչների ու համատիրությունների միջև արդյունավետ համագործակցային հարաբերությունների ձևավորմանը և համատիրությունների նկատմամբ՝ որպես կառույց վստահության բարձրացմանը, այլև իր հետ բերում է այլ խնդիրներ: Շատ աշխատանքներ, որոնք համատիրության անմիջական պարտականությունների մեջ են մտնում, բնակիչները կատարում են սեփական միջոցներով: Չնայած դա համապատասխանում է օրենքի տառին այն մասով, որ բնակիչները կարող են նաև իրենց միջոցներով կատարել պարտադիր նորմերի պահպանմանն ուղղված աշխատանքներ, սակայն իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ գիտակցումը բերում է նրան, որ սեփական միջոցներով աշխատանքներ կատարելուց հետո բնակիչները հրաժարվում են վճարել համատիրության ընդհանուր ժողովում սահմանված վճարները և կորցնում վստահությունը կառույցի նկատմամբ, ավելին՝ տարանջատում են բազմաբնակարան շենքի պահպանման խնդիրները՝ իրենց պարտավորությունները սահմանափակելով միայն կոնկրետ իրենց առնչվող խնդիրներով:
Միաժամանակ պետք է փաստել, որ բնակիչների որոշակի շրջանակ, ինչ մասով որ տեղյակ են համատիրության պարտականություններից, պահանջատեր են և խնդիրների դեպքում տեղեկացնում են ղեկավարին, որպեսզի վերացվեն թերությունները:
«Վերոնշյալից ելնելով կարող ենք ասել, որ իրազեկվածության բարձր մակարդակը կնպաստի համատիրության ավելի արագ ու համակարգված աշխատանքին: Հարցումները ցույց տվեցին նաև, որ համատիրությունները չեն իրականացնում կառավարության որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեսողական զննումները: Համատիրությունները պետք է տարեկան առնվազն 2 անգամ տեսողական զննում անցկացնեն և արդյունքները գրանցեն համապատասխան մատյանում, ինչն էլ հիմք է հանդիսանալու հետագա վերանորոգման աշխատանքների համար, մինչդեռ հարցումների արդյունքներից պարզ է դառնում, որ շենքերում առաջացած խնդիրների ու նորմերի չպահպանման մասին տեղեկատվությունը համատիրությունները ստանում են միայն բնակիչների ահազանգերի արդյունքում: Արդյունքում, պարտադիր նորմերի բազմաթիվ պահանջներ բնակիչների անտեղյակության արդյունքում անտեսվում են համատիրությունների կողմից, շատ դեպքերում էլ միայն բնակիչների ահազանգերն ու պահանջներն են ստիպում համատիրությանը ապահովել պարտադիր նորմերը: Հաշվի առնելով բնակեցվածության ցածր մակարդակը Գյումրու բազմաբնակարան շենքերում, կարելի է փաստել, որ շատ խնդիրներ կարող են ահազանգերի բացակայության պայմաններում ուղղակի չիմացվել համատիրությունների ղեկավարների կողմից՝ հանգեցնելով շենքերի ընդհանուր բաժնային սեփականությանը սպառնացող ուղղակի վտանգի»,- փաստում են իրականացված հետազոտության տվյալները:
Հարկ է նշել նաև, որ խնդիրների բավականին մեծ շրջանակ հասանելի է համատիրությունների համար, սակայն վերջիններս չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար: Խնդիրը վերաբերում է ոչ միայն բավարար գումարների հավաքագրմանը, այլև դրանց արդյունավետ ու պլանավորված բաշխմանը:
Համատիրության ղեկավարների հետ հարցազրույցների ընթացքում պարզ է դարձել, որ վերջիններս չունեն պարտադիր նորմերի պահպանման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների հստակ պլանավորում և նախահաշիվներ:
Պլանավորման բացակայության պայմաններում համատիրությունների բյուջեն հիմնականում օգտագործվում է առաջ եկած ընթացիկ խնդիրների վերացման ուղղությամբ, մինչդեռ պարտադիր նորմերի կատարումը երբեմն մղվում է երկրորդ պլան և դրանց համար բավարար միջոցներ այդպես էլ չեն հատկացվում: Համատիրությունների համար գործնականում մեծ խնդիրներ է առաջացնում պարտականությունների հստակ բաշխումն ու տարանջատումն այլ կառույցների հետ: Մասնավորապես՝ համատիրության ղեկավարները նշում են շենքերում ջրամատակարարում և ջրահեռացում կատարող կառույցների հետ պարտավորությունների բաշխման անհստակությունը:
«Տվյալ կազմակերպությունները սպասարկումը կատարում են մինչև շենքի մոտակա դիտահորը, մինչդեռ դրանից մինչև բնակարաններ ջրամատակարարման և ջրահեռացման իրականացման ժամանակ առաջ եկած վթարները և խնդիրները հասցեատեր չունեն և փաստացի մնում են համատիրությունների վրա, քանի որ դրանք հետևանք են դառնում պարտադիր նորմերի խախտման՝ շենքերի հիմքերի վնասվածքների, նկուղներում ջրի կուտակման և այլ խնդիրների: Համատիրությունները երբեմն սեփական միջոցներով հարթում են այդ խնդիրները, սակայն դրանք արդյունք են ոչ թե շենքի բնականոն շահագործման, այլ կողմնակի խնդիրների»:
Քանի որ Գյումրու համատիրություններում եկամուտների և ծախսերի պլանավորումը գրեթե բացակայում է, համատիրությունների համար ուղենշային է դառնում հաշվարկված եկամտի ցուցանիշը:
Ըստ իրականացված ուսումնասիրության, տարիներ շարունակ եկամուտների հավաքագրման գործընթացում թույլ տված բարձիթողի վիճակը գրեթե բոլոր համատիրություններում հանգեցրել է դեբիտորական պարտքերի մեծ չափաբաժնի, որը էական խնդիրներ է ստեղծում դրանց բնականոն աշխատանքի համար: 2014-2015 թվականներին բավական աշխատանքներ են տարվել դրանց նվազեցման ուղղությամբ, սակայն աշխատանքները պետք է տանել մինչև մի կետի, երբ առկա դեբիտորական պարտքերը ունենան մասնակի բնույթ ու չարգելակեն համատիրության բնականոն աշխատանքը: Այդ փուլից հետո անհրաժեշտ է ձևավորել մեխանիզմ՝ դրանց հետագա ավելացումը թույլ չտալու համար, մասնավորապես՝ համատիրություններին կարելի է ավելի ազդեցիկ լծակներ տրամադրել՝ եկամուտների հավաքագրման ապահովման համար:
«Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնը նաև համատիրությունների գործունեության, ֆինանսական կառավարման միջազգային փորձի ուսումնասիրություն է իրականացրել:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են համատիրությունների գործունեության կարգավորման Լեհաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Ուկրաինայի փորձը:
Անահիտ Սիմոնյան