Բաժիններ՝

«Մարդիկ կոշիկն են 4 տարի հագնում, քաղաքապետարանը որոշեց 4 տարի անց չինական ավտոբուսները շահագործումից հանել». Գյումրու բնակիչ

Գյումրու որոշ միկրոավտոբուսների վարորդներ` թվով 20-ից ավելի, բողոքում են, որ 15 տարուց ավելի շահագործված միկրոավտոբուսներն այլևս չեն թույլատրում շահագործել: Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի պետական տեսչությունը սկսել է տուգանել իրենց:

Ըստ Գյումրու քաղաքապետարանի, միկրոավտոբուսները 15 տարուց ավելի շահագործել չի կարելի, քանի որ օրենքն է այդպես նախատեսում:

Եթե օրենքի պահանջը չկատարվի, ապա վարորդներին տուգանքներ են սպառնում, սակայն օրենքի այս պահանջը կատարել որոշ վարորդների համար պարզապես անհնար է. բողոքողները նոր մեքենա գնելու հնարավորություն չունեն: Պատճառաբանում են՝ միկրոավտոբուսները թեև հին են, սակայն տեխնիկական բավարար վիճակում են գտնվում:

Նշենք, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2001թ. որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ուղևորափոխադրումներ իրականացնելու հավակնություն կարող են ունենալ և միկրոավտոբուսային երթուղիների մրցույթներին կարող են մասնակցել 15-ից փոքր տարիք ունեցող միկրոավտոբուuները: 15 տարին լրացած միկրոավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման:

Մեկ նկատառում. ըստ որոշ մասնագետների, եթե Գյումրու քաղաքապետարանը պատճառաբանում է, որ 15 տարին լրացած միկրոավտոբուսներն անթույլատրելի է շահագործել, ապա ինչո՞ւ պետք է 4 տարի անց շահագործումից դուրս գային 40 համարի չինական ավտոբուսները:

Ո´չ Գյումրիում դրանք շահագործող ընկերությունը, ո´չ էլ Գյումրու քաղաքապետարանը միջոցներ չձեռնարկեցին դրանց շահագործումից 4 տարի անց չինական ավտոբուսների շարժիչները նորերով փոխարինելու և ավտոբուսների հետագա սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար:

Մինչդեռ չինական ավտոբուսների հետագա շահագործումը հնարավորություն կտար թեթևացնել միկրոավտոբուսների ուղևորափոխադրումների բեռը: Մարդիկ բողոքում են, որ միկրոավտոբուսներում երբեմն ստիպված՝ իրար գլխի լցված են տեղ հասնում:

Հիշեցնենք, որ չինական ավտոբուսները Գյումրի էին բերվել 2013 թվականին:

Գյումրու քաղաքապետարանը միկրոավտոբուսներից հրաժարվելու համար խոստացել էր չինական ավտոբուսների թիվն ավելացնել 60-70-ով: Սակայն 2017 թվականին՝ դրանք Գումրի բերելուց 4 տարի անց, չինական ավտոբուսները շահագործումից հանվեցին:

Գյումրու քաղաքապետարանից պատճառաբանեցին, որ 40 համարի ավտոբուսային երթուղին չի շահագործվի, քանի որ դրանց շարժիչները շարքից դուրս են եկել:

Երթուղին շահագործող «Նյու Սիթի տրանս» ընկերությունը դիմել էր Գյումրու քաղաքապետարան՝ երթուղին շահագործելու պայմանագիրը խզելու համար: Չինական ընկերությունն էլ ավտոբուսների շահագործման 4 տարի ժամկետ էր նախատեսել, որի ընթացքում նաև ավտոբուսների սպասարկման և տեխնիկական թերությունների վերացման աշխատանքներն էր իրականացնում:

Անհասկանալի է, թե այդ դեպքում ինչպե՞ս է Գյումրիում՝ առաջին համարի երթուղին դեռևս նախկին չինական ավտոբուսի միջոցով շահագործվում, մի՞թե դրա շարժիչը ևս շարքից դուրս եկած չպետք է լիներ:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի №762-Ն որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններով՝ ավտոբուսների երթուղային ցանցում սպասարկման ժամկետը նոր ավտոբուսների համար կարող է լինել մինչև 10 տարի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ավտոբուսների շահագործման ժամկետը սահմանվել է 10 տարի, իսկ հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը որոշվում է՝ ելնելով ծառայության համար ակտիվի ակնկալվող օգտակարությունից, ուստի հաշվարկներում ամորտիզացիոն ժամկետն ընդունվել է առավելագույն չափով՝ 10 տարի կամ 10 %:

Գյումրիում նաև բողոքում են որոշ երթուղայինների՝ ուշ տեղ հասնելուց: Բողոքող քաղաքացիներից մեկի համաձայն՝ Գյումրիում 14 համարի միկրոավտոբուսը մշտապես ուշ է ժամանում, երբեմն ստիպված են լինում կես ժամից ավելի սպասել, մինչև այն կժամանի:

«Չենք կարող նորմալ ձևով սահմանված վայր հասնել: Ամեն օր կես ժամից ավելի ստիպված ենք սպասել: Կարո՞ղ է՝ նյարդերս քայքայենք 14 համարի միկրոավտոբուսներին սպասելով»,- բողոքում է Գյումրու բնակիչներից Արսեն պապը:

Մեր մեկ այլ զրուցակցի՝ Աստղիկ Տոնոյանի խոսքով՝ 40 համար ավտոբուսների՝ շահագործումից հանելը սխալ էր.

«Եթե չինական ավտոբուսներն անորակ էին, ապա թող կրկին «Պազ» մակնիշի ավտոբուսներ բերեին կամ այնպիսի ավտոբուսներ, որոնք հնարավոր կլիներ բավական երկար, գոնե 10 տարի շահագործել: Բացի այդ, մարդիկ նույնիսկ կոշիկն են 4 տարի հագնում, քաղաքապետարանը որոշեց 4 տարի անց չինական ավտոբուսները շահագործումից հանել: Սա ինչի՞ է նման»:

Այն մասին, որ երթուղային ցանցը հարկավոր է բարեփոխել, իր տեսակետն է ներկայացնում նաև Գյումրու մեկ այլ բնակիչ, նախկին վարորդներից մեկը, ով արտագնա աշխատանքի է մեկնելու Ռուսաստան:

«Միկրոավտոբուսների դեպքում հարմարավետության մասին խոսելն ավելորդ է: Բացի այդ, ոչ ոք չի վերահսկում՝ արդյո՞ք սահմանված նստատեղերի քանակի չափ ուղևորներ են երթևեկում միկրոավտոբուսներով: Գյումրիում ուղևորների քանակը քիչ է, բոլորին էլ հայտնի է, որ վարորդները լրացուցիչ գումար աշխատելու նպատակով ստիպված են ավելի շատ ուղևորներ վերցնել:

Օրինակ, «Պազ» մակնիշի ավտոբուսները թեև բավական հին էին՝ նույնիսկ 20 տարուց ավելի էին դիմացել, բայց շահագործել հնարավոր էր: Իմ գործընկերներին էլ եմ հասկանում, վատ վիճակում են հայտնվել: Որքան էլ Գյումրու քաղաքապետարանը փորձի միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք չտուգանվեն, հնարավորինս հետաձգվի հին միկրոավտոբուսների փոխարինումը նորերով, սակայն դրանք անվերջ շահագործել ևս չի լինի»,- ասում է մեր զրուցակիցը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս