Բաժիններ՝

Մուն Չժե Ինը ներողություն է խնդրել իշխանությունների կողմից 1948 թվականի ապստամբությունը ճնշելու համար

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներողություն է խնդրել ժողովրդական ապստամբության արյունալի ճնշման համար, որը 1948 թվականին ծավալվել էր Չեջուդո հարավային կղզում: Այս հայտարարությունը նա արել է ապրիլի 3-ին՝ ելույթ ունենալով ապստամբության սկսվելու օրվա 70-րդ տարեդարձին նվիրված արարողությանը, որը պատմության մեջ մտել է որպես «ապրիլի 3-ի միջադեպ»:

Մուն Չժե Ինն ասել է, որ որպես երկրի առաջնորդ ինքը ներողություն է խնդրում «այն ցավերի ու տառապանքների համար, որոնք պատճառվել են պետական մակարդակով իրականացված բռնության հետեւանքով»: Նախագահը խոստացել է ամբողջությամբ լուծել այդ ողբերգության զոհերի ռեաբիլիտացման, նրանց պատվի ու արժանապատվության վերականգնման հարցերը, շարունակել ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու աշխատանքը:

Մուն Չժե Ինը հայտնել է, որ այդ նպատակով մտադիր է բանակցություններ վարել խորհրդարանի պատգամավորների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Չեջուդոյի Խաղաղության զբոսայգում կայացած արարողությանը հավաքվել էր մոտավորապես 15 հազար մարդ: Մուն Չժե Ինը դարձել է Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին նախագահը, որը մասնակցել է դրան: 1948 թվականի ապրիլի 3-ին կղզու բնակիչները հանդես են եկել Կորեական թերակղզու հարավում սեփական կառավարության ստեղծման պլանների դեմ:

Կառավարական զորքերի կողմից սպանվել է 25 հազարից մինչեւ 30 հազար մարդ՝ Չեջուդոյի բնակչության մոտավորապես 10 տոկոսը: 2014 թվականից այդ ամսաթիվը նշվում է որպես ապստամբության ճնշման զոհերի Հիշատակի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս