Ինչո՞ւ է կառավարությունը ՀԴՄ-ների ներկրման արհեստական մենաշնորհ ստեղծել
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 662-Ն որոշմամբ ՓՄՁ-ների համար սահմանվել էին ՀԴՄ-ների իրացման գներին վերաբերող մի շարք մեղմ դրույթներ, որը, սակայն, ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի օգոստոսի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշմամբ:
Եթե նախկինում նախատեսվում էր ՀԴՄ-ի գնի տարբերակված մոտեցում` կախված հարկ վճարողի շրջանառության ծավալից և գործունեության վայրից, օրինակ՝ 2013 թվականի արդյունքներով մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների համար ՀԴՄ-ի գինը սահմանվում էր 30 հազարից մինչև 150 հազար դրամ, ապա այժմ ՀԴՄ-ների իրացման գինը սահմանվել է 160.000 դրամ՝ անկախ տնտեսվարողի շրջանառության մեծությունից:
Միակ բացառությունը սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնողների համար է, ինչը գործում էր նաև նախկինում:
Մինչդեռ մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանին համանման երկրներում, օրինակ՝ Վրաստանում և այլն, որտեղ չկա մենաշնորհ, և ցանկացածը կարող է ներկրել, նույնանման ՀԴՄ-ների գինը տատանվում է 60-90 հազար դրամի սահմաններում։
Այս հարցը մամուլում գրեթե չի արծարծվում, ՊԵԿ-ի չինովնիկներն էլ գերադասում են չխոսել այդ մասին։ Սակայն այս փոփոխությունը բավականին ծանր է լինելու փոքր ու միջին ձեռնարկատերերի համար:
ՀԴՄ-ների իրացման գները սահմանում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրումն ու իրացումը բացառապես իրականացնում է ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը: Վերջինիս կողմից ներկրված նոր սերնդի ՀԴՄ-ները դրանց ներդրման սկզբնական փուլում վաճառվում էին 369.600 դրամով: Հետագայում կառավարությունը որոշեց իջեցնել դրանց գները, մասնավորապես՝ սահմանելով հետևյալ մեծությունները.
- 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 150 հազ. դրամ
- 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 120 հազ. դրամ,
- 2013 թվականի արդյունքներով 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 80 հազ. դրամ,
- 2013 թվականի արդյունքներով մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար՝ 60 հազ. դրամ,
- գյուղերում (բացառությամբ սահմանամերձ գյուղերի) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնողների համար՝ վերը նշված գների 50 տոկոսը:
Ստացվում է, որ տարեկան մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ի գինը թանկացել է 2 անգամ: Միաժամանակ, տարեկան մինչև 30 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող տնտեսավարողի համար, որն իր գործունեությունն իրականացնում է գյուղում, նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերման ծախսը 60 հազարից դարձել է 160 հազար դրամ, իսկ գյուղում գործունեություն իրականացնող սկսնակ (մինչև 5 մլն շրջանառություն ունեցող) ընկերության համար՝ 30 հազարից` 160 հազար դրամ:
Պարզ չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը վերացնում տարբերակված մոտեցումը և խոշորի ու ՓՄՁ-ների համար սահմանում նույն գինը։
Պարզ չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը ՀԴՄ-ների ներկրման արհեստական մենաշնորհ ստեղծել՝ այդ իրավունքը վերապահելով ՊՈԱԿ-ին։
Առավել ևս պարզ չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ է կառավարությունը պարբերաբար փոխում պարտադիր կիրառման ենթակա սարքերի գինը, եթե դրանք մնում են նույնը, և ինչպե՞ս է գնահատվում դրանց ազդեցությունը՝ հատկապես փոքր և միջին ընկերությունների վրա, մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին այն ձեռք է բերվում սկսնակ ձեռնարկատերերի կողմից, որոնք դեռ չեն գեներացրել ձեռնարկատիրական եկամուտ և ունեն նախնական կապիտալի խնդիր:
Այս հարցերի պարզաբանման համար դիմել ենք ՊԵԿ, և առաջիկայում կներկայացնենք նաև նրանց դիրքորոշումը։