Հաշմանդամների դժվարությունները

Շիրակի մարզում 18996-ից ավելի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ կան, որոնց թվում՝ 779-ն առաջին խմբի հաշմանդամներն են, 7656-ը՝ երկրորդ, 9839-ը՝ երրորդ խմբի հաշմանդամները, 722-ը՝ հաշմանդամ երեխաներ:

Հաշմանդամություն ունեցող հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը համագործակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, օժանդակում հաշմանդամներին մասնագիտական և ուսուցման ծրագրերում:
Գյումրիում հաշմանդամներին դժվարությամբ է հաջողվում աշխատանքի տեղավորվել: Գործատուները մեծամասամբ հրաժարվում են նրանց աշխատանքի ընդունել՝ սահմանափակ հնարավորությունների պատճառով:

27-ամյա Էմիլին տեսողական և հենաշարժողական լուրջ խնդիրներ ունի: Մի քանի անգամ փորձել է աշխատանքի տեղավորվել, քանի որ իրենց տան միակ ապրուստի միջոցն ընտանեկան նպաստն է:

«Ցանկանում էի գոնե կարուձև սովորել, սակայն իմ ունեցած տեսողական խնդիրները հնարավորություն չեն ընձեռում այս հարցում առաջընթաց ունենալ»,- ասում է նա:

Հաշմանդամներից մեկ այլ քաղաքացի 168.am-ի հետ զրույցում նշեց՝ թեև Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնը որոշակի քայլեր է ձեռնարկում հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու հարցում, փորձում աջակցել գործատուներին, սակայն նմանատիպ ծրագրերի շնորհիվ երկարաժամկետ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը մեծ չէ:

Գյումրեցի Նարինե Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն 50 տարեկան է, ինչ-ինչ պատճառներով ձեռքերով դժվարությամբ է կարողանում որևէ աշխատանք կատարել: Տառապում է նաև շաքարային դիաբետով: Մի քանի անգամ դիմել է տարբեր աշխատանքներ կատարելու համար, սակայն գործատուները մերժել են, քանի որ ձեռքերով դժվարությամբ է կարողանում գործ անել:

Նշենք, որ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնը որոշակի աջակցություն ցուցաբերում է հաշմանդամներին աշխատանքով ապահովելու հարցում, այդ թվում՝ գործատուի կողմից հաշմանդամներին տրվող աշխատավարձի որոշակի փոխհատուցում, որպեսզի գործատուները շահագրգռված լինեն հաշմանդամներին աշխատանքի ընդունելու հարցում, սակայն այդ ճանապարհով աշխատանք գտնել ոչ բոլոր հաշմանդամներին է հաջողվում:

Գյումրիում առհասարակ քիչ են այնպիսի կենտրոնները, որոնք հաշմանդամներին կարող են աջակցել աշխատանքի տեղավորման հարցում: Հատուկենտ են նաև նրանց աշխատանքի տեղավորելուն ուղղված ծրագրերը: Եթե այդպիսիք լինում են, ապա հիմնականում միջազգային կառույցների աջակցությամբ և մասնակցությամբ են կյանքի կոչվում:
Ամռանը Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ, բացվելու է սրճարան, որտեղ աշխատելու են հաշմանդամները:

Սրճարանի բացման համար քաղաքում ներդրումներ է իրականացնելու ԵՄ-ն՝ «Կարիտաս Ավստրիայի» մասնակցությամբ: Տարիներ շարունակ Գյումրիում քիչ էին այնպիսի կենտրոնները, որոնք կզբաղվեին հաշմանդամների ուսումնադաստիարակչական առօրյայի կազմակերպմամբ:

Անհրաժեշտություն էր առաջացել հաշմանդամների խնդիրներով զբաղվող նոր կենտրոն հիմնել:

Բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» կենտրոնի բացման արարողությունը Գյումրիում տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականի սեպտեմբերին: Երեխաների խնամքի այս կենտրոնը մեր տարածաշրջանում ամենամեծն է, իր բնույթով՝ եզակի:

Կենտրոնի շինարարության համար զգալի միջոցներ էր հատկացրել ավստրիացի գործարար Էմիլ Նախբաուերը: Կենտրոնի շինարարությունն արժեցել էր մոտ 2 մլն 750 հազար եվրո: Դրա կառուցման հովանավորն էր «Կարիտաս Ավստրիան», և այդ կազմակերպության միջոցով այլ կառույցներն էլ են դոնոր հանդիսացել՝ «Ռենովաբիս», «ԱՄՆ-ի եպիսկոպոսների խորհուրդ» և այլ կազմակերպություններ: Փոքր և միջին անհատ դոնորները ևս աջակցել են այս կառույցի կառուցմանը:

Այս կենտրոնում ամեն ինչ արվում է հաշմանդամների ուսումնադաստիարակչական առօրյան ճիշտ կազմակերպելու համար: Այստեղ կարևորվում է, որպեսզի հաշմանդամ երեխաները հասարակության մեջ իրենց տեղն ունենան, հանրության կողմից ճանաչում և հարգանք վայելեն:

Ժամանակի ընթացքում կենտրոնի շահառուների թիվը գնալով ավելացել է, քանի որ այն նախատեսված էր ոչ միայն՝ երեխաների, այլև՝ հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար:

Այստեղ 16-17 տարեկան երեխաների համար դասընթացներ են կազմակերպվում, որպեսզի նրանք արհեստագործություն սովորեն, ու այդպիսով խթանվի նրանց աշխատունակությունը:

Նաև անհրաժեշտ է զարգացնել մտավոր և ֆիզիկական թույլ կարողություններ ունեցող երեխաների մտավոր ունակությունները: Այդ նպատակով այստեղ երեխաների հետ աշխատում են հատուկ մանկավարժները: Այս կենտրոնում անցկացվում է ֆիզիոթերապիա, արտ-թերապիա և երաժշտական թերապիա, հոգեբանական և խոսքային թերապիաներ:

Գյումրիում հաշմանդամներին աջակցում է նաև «Փյունիկ» կենտրոնը:
Հավելենք, որ, բացի աշխատանքի տեղավորվելու դժվարություններից, հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ այլ խնդիրների են բախվում ոչ միայն՝ Գյումրիում, այլև՝ ՀՀ այլ շրջաններում: Նրանց համար դժվար է իրացնել իրենց իրավունքները. օգտվել սահմանված կարգով անվճար բուժօգնությունից, հարմարավետ երթևեկել, որոշ դեպքերում նաև հասարակության կողմից ընդունելի դառնալ:

Վերջին դեպքում դպրոցներում մանկավարժներն ու ուսուցչական կոլեկտիվը հաճախ թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ. հաշմանդամ երեխաները մեծամասամբ հասարակությունից մեկուսացված են ապրում, դժվարությամբ են շփվում իրենց դասընկերների հետ:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս