Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած քննիչի գործով մեղադրանքներ են առաջադրվել 9 անձանց
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում 9 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք են տվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին: Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017թ.-ի սեպտեմբերից 2018թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում միջնորդ անձի օժանդակությամբ նպաստել է զորակոչիկների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում վերջիններս զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչին և նրան օժանդակող անձին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար:
Բացի այդ, նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով ևս 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից երեքը` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:
Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար:
Բացի այդ, վերը նշված 7 անձանցից 5-ին նաև մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու համար: Քննությամբ պարզվել է, որ բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններս ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ չունենալով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված օրինական հիմքեր:
Այսպիսով, վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 9 անձանց: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչն ու վերջինիս օժանդակած անձը կալանավորվել են: Մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի շրջանակներում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ` հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: