Կապսի ջրամբարի կառուցումն ավարտվելու է 2022 թվականին
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձ կատարեց Կապսի ջրամբարի շինարարությանը:
«Դրա կառուցումն ավարտվելու է 2022 թվականին՝ գերմանական զարգացման բանկի (KfW) վարկային միջոցներով: Այս տարի մոտ 1.5 մլրդ դրամի նախագծային և նախագծահաշվային, շինարարական նախնական աշխատանքներ են իրականացվելու: Ջրամբարի կառուցման հետ կապված՝ բետոնե շերտերի, թունելների ստուգումն այս տարվանից սկսվելու է: 4 տարվա ընթացքում ջրամբարի կառուցումն ավարտվելու է, և այն շահագործման է հանձնվելու:
Սկզբում կառուցվելու է 25 մլն խմ ջրի կուտակման համար, հետո՝ 65 մլն խմ-ի համար: Կապսի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա Անիի և Ախուրյանի տարածաշրջաններում շուրջ 6000-7000 հա վարելահողեր, որոնք այսօր չեն ոռոգվում, դարձնել ոռոգելի»,- նշեց Մովսես Մանուկյանը:
Անդրադառնալով Շիրակի մարզում առկա ոռոգման խնդիրներին՝ Մ.Մանուկյանը նշեց, որ ոռոգման սեզոնը սկսվում է մայիսի 10-ից հետո.
«Այդ ժամանակվանից նոր սկսում ենք աշնանացան ցորեն ջրել, եթե տեղումներ չլինեն: Այս ընթացքում տեղումներ չլինելու պարագայում ջրամբարների լցվելու հետ կապված խնդիրներ կառաջանան: Չեմ ասում, թե մենք 100 %-ով ապահովված ենք, բայց գոնե 70 % ջուր տեղումների արդյունքում կունենանք: Մեր հիմնական խնդիրը գյուղական որոշ շրջաններում ջրի բացակայությունն է: Սառնաղբյուրում և Վարդաքարում, եթե 1.5 մլն խմ ջուր ունենանք, ապա այդ շրջաններում ոռոգման խնդիր չենք ունենա:
Մեր խնդիրը հիմնականում երկու ուղղությամբ է՝ մեկը Մանթաշի ջրամբարի խնդիրն է, որն ամեն տարի առկա է, քանի որ այնտեղի ջուրը նաև Արթիկի համայնքների համար որպես խմելու ջուր է օգտագործվում: Ցանկացած պարագայում 2-3 մլն խմ ջուր աշնանը պահվում է, որպեսզի ձմռանը մարզի համայնքներին, բնակչությանը խմելու ջուրը բավարարի: Արագածի հովիտներում բավարար քանակով ձյան շերտ կա, եթե ոռոգման սեզոնի սկզբին մոտ 5 մլն խմ ջուր ունեցանք, այդ մասով էլ խնդիր չեք ունենա, սակայն դա բնակլիմայական պայմանների հետ է կապված»,- ասաց նա:
Ըստ մեր զրուցակցի՝ ջրամբարների, մասնավորապես՝ Մանթաշի ջրամբարի լցվելը մարդկային գործոնի հետ կապ չունի:
«Մենք չենք կարող, ասենք, Ջրպետկոմիտեին խնդրել, որպեսզի իրենք աշխատանքներ իրականացնեն՝ ջրամբարներում ջրի քանակն ավելացնելու համար: Այժմ Ախուրյան գետի հաշվին Կառնուտի ջրամբարում ջուրն ավելացնում ենք, որը հիմնականում ապահովելու է Արևիկ, Այգաբաց, Ազատան համայնքներում մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը»,- հավելեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը:
Անահիտ Սիմոնյան