
Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործչի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր գործիչ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Դատական հայցի պատճառը Քըլըչդարօղլուի կողմից կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ունեցած ելույթն է, որում ընդդիմադիր գործիչը հայտարարել էր. «Գյուլենականների թիվ մեկ քաղաքական հենարանը երկրի նախագահի աթոռը գրաված անձն է: Թող դատի տա, կապացուցեմ ասածս»:
Էրդողանն այս խոսքերի համար նրա դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որպես բարոյական փոխհատուցում վճարել 250 հազար թուրքական լիրա (շուրջ 62 հազար ԱՄՆ դոլար):
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ իր պաշտպանյալը գյուլնեկանների դեմ պայքարի առաջամարտիկն է, և նմանօրինակ հայտարարությունները պարզապես զրպարտություն են նրա հասցեին: