«Սպառողն անձամբ կարող է հեռախոսի միջոցով տեղեկություն ստանալ, թե տվյալ միսը երբ է սպանդի ենթարկվել, ինչքան է պիտանի». Արթուր Մելիքյան
2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի։ Մինչ այդ մարտի 1-ից պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումներով մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը մսի նկատմամբ։ Մարզային որոշ մանկապարտեզներում մատակարարվող մսի արժեքի վրա արդեն իսկ ազդել է վերոնշյալ պահանջի կիրառումը։ Սակայն, ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը պնդում է, որ եթե ճիշտ կազմակերպվի այս գործընթացը, ֆինանսական խնդիրներ և ֆինանսական բեռ չի ավելանա մանկապարտեզների և նախակրթարանների վրա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ներկայումս հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, իսկ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվում է 23 նոր սպանդանոց, որոնց տեղաբաշխումը, ըստ նրա՝ կատարվել է՝ նկատի ունենալով համայնքներում անասնագլխաքանակն ու օրական միջին մորթը. «Միաժամանակ, ստացել ենք սպանդանոց կառուցելու ավելի քան 40 նոր հայտ։ Արդյունքում՝ 2018թ. հուլիսի 1-ից, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ ավելի քան 70 սպանդանոց, ինչը կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը»։
Նրա խոսքով՝ նախկինում չկար մսի ծագման վերաբերյալ որևէ փաստաթուղթ, և կատարված ուսումնասիրությունից հետո միայն եկել են սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր դարձնելու որոշմանը.
«Սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացնեն անվտանգությունը հաստատող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով։ Դա հնարավոր է տրամադրել նաև էլեկտրոնային եղանակով։ Եթե սպանդանոցային ծագման միսը տեղափոխվելու է մեկ վայր, ապա ուղեկցվում է ձև 5 անասնաբուժական փաստաթղթով, իսկ եթե նույն միսը տեղափոխվելու է մի քանի վայրեր, ապա ուղեկցվում է պիտակով։ Պիտակի վրա առկա է հոլոգրաֆիկ QR կոդը, որը սպառողն անձամբ կարող է հեռախոսի միջոցով կարդալով՝ տեղեկություն ստանալ, թե տվյալ միսը երբ է սպանդի ենթարկվել, որ սպանդանոցում, ինչքան է պիտանի, որը ավելի հեշտացնում է վերահսկողությունը»։
Նա նշեց, որ փոփոխվել է նաև թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական փաստաթղթերի տրամադրման կարգը. «Ծառայությունն արդեն 152 միս-մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների տվել է սանիտարական անձնագրեր։ Ես անձամբ ականատես եմ եղել, որ շինանյութ տեղափոխող մեքենան խոշոր եղջերավոր միս էր տեղափոխում։ Նման դեպքերը կբացառվեն»։
Ինչ վերաբերում է մանկապարտեզների ֆինանսական բեռի ավելացմանը, նա ասաց, որ ՍԱՊԾ-ն այդ մասով որևէ լիազորություն չունի.
«Մատակարարումն իրականացվում է շաբաթական կտրվածքով։ Եթե միսը ձեռք բերեն սպանդանոցից, ապա ֆիզիկապես հնարավոր է իրականացնել մատակարարումը։ Մարզերը կարող են միս ձեռք բերել մարզում առկա գործող սպանդանոցից, և ավելի էժան միս ձեռք բերելուն կօգնի հավելյալ սպանդանոցների կառուցումը, ինչն այս պահին ընթացքի մեջ է, իսկ մինչև հունիսի մեկը սպանդանոցիների թիվը կհասցնենք քառասունի, և վերջնական փուլում այն կհասնի յոթանասունի:
Բնականաբար, այն ժամանակ, երբ մարզերում լինի մի քանի սպանդանոց, մրցակցությունը կբերի գնի նվազեցման։ ՍԱՊԾ-ն, այո՛, սպանդանոցային մորթի հեղինակն է, բայց գնային քաղաքականության համար պատասխանատվություն չի կրում»։
Նա ընդգծեց, որ սպանդանոցն է որոշում մատուցվող ծառայությունների գինը, ինչն առաջացնում է առողջ մրցակցություն։