
Գանձակ գյուղում ավտովթարից մահացածները հայր ու որդի են

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մարտի 27-ի երեկոյան գրանցված ավտովթարի հետևանքով մահացած վարորդը եւ ուղեւորը հայր եւ որդի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչիկ Ասատրյանը, վթարը տեղի է ունեցել Գանձակ գյուղում:
Գանձակի բնակիչ Վարդան Հախոյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով բախվել է ծառին, ինչի հետեւանքով մահացել են ինքը եւ ավտոմեքենայում գտնվող որրդին՝ ութ տարեկան Հրաչիկ Հախոյանը: «Անասելի դժբախտություն էր թե այդ ընտանիքի, թե գյուղի, թե մեր դպրոցի համար: Հրաչիկ Հախոյանը մեր դպրոցի աշակերտն էր, սովորում էր երկրորդ դասարանում, ուսման առաջավոր էր, շատ խելացի երեխա: Նա ընտանիքի միակ արու ժառանգն էր, երկու քույրերի փոքր եղբայրը:
Շատ համեստ, օրինակելի ընտանիք է Վարդան Հախոյանի ընտանիքը: Ափսոս, որ նման աղետ պայթեց այդ աշխատասեր, բոլորիս կողմից սիրված ու հարգված ընտանիքի գլխին: Սգում է ողջ գյուղը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը:
Խոսրով Խլղաթյան