«Էրդողանը հակասությունների վրա է խաղում». Սարգիս Գրիգորյան
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը սկսում է Իրաքի Սինջար բնակավայրում քրդական PKK-ի դեմ ռազմական գործողությունները: Սինջարում ռազմական գործողություններ սկսելը Թուրքիայի նախագահը պատճառաբանել է այն իրողությամբ, որ Աֆրինը կորցնելուց հետո քրդական ուժերը նահանջել են Սինջար։
Թեպետ նշվում էր, որ քրդական միավորումները Սինջարում ավելի պատրաստված են, քան Աֆրինում, բայց PKK-ն անմիջապես հայտարարեց, որ դուրս է գալիս Սինջարից։ Իրաքյան կողմն էլ հայտարարեց, որ չի հանդուրժելու թուրքական զինուժի ակտիվությունն Իրաքի այդ հատվածում:
168.am-ը արաբագետ Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում ականատես լինենք թուրք-իրաքյան բախումների։ Ի պատասխան՝ արաբագետն ասաց, որ Իրաքի մասով պետք է հաշվի նստել որոշ իրողությունների հետ. «Բավականին ազդեցիկ է PKK-ն Սինջարի հատվածում, որովհետև այն կռվախնձոր էր նրա և ՔՌԿ-ի (Քուրդիստանի ռեգիոնալ կառավարություն) միջև, և հենց ՔՌԿ-ն էր ցանկանում, որ PKK-ն դուրս գա այդ հատվածից։ Հիմա թուրքական զինուժը, իհարկե, կա, բայց նա Իրաքի այն հատվածներում է, որը ժամանակին ՔՌԿ-ի ազդեցության տակ էր։ Հավանական է, որ նման հայտարարությամբ Էրդողանն ուզում է ցույց տալ, որ Թուրքիան փորձելու է ազդեցություն ունենալ նաև այդ հատվածում։
Սա նաև խնդրի երկրորդ կողմն ունի, որովհետև սա կարող է լինել նաև ՔՌԿ-ի հետ պայմանավորվածության համատեքստում։ Չեմ կարծում, որ Էրդողանը, չունենալով ազդեցություն, չունենալով այդ տարածքում իր հովանու տակ գործող ուժեր, առանց ՔՌԿ-ի համաձայնության կամ նրա հետ ընդհանուր համաձայնության, կարող էր նման հայտարարություն անել»։
Արաբագետի խոսքով՝ եթե Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել, ապա դա կարող է անել տեղում որոշակի վստահելի ուժեր ունենալու պարագայում, որը, ըստ նրա՝ կարող է լինել միայն ՔՌԿ-ն. «Այսինքն՝ Էրդողանը հակասությունների վրա է խաղում՝ փորձելով ՔՌԿ-ին ցույց տալ, որ, տեսեք՝ PKK-ն հայտարարում է, որ դուրս է գալիս, բայց մյուս կողմից էլ՝ PKK-ն այդպես հանգիստ դուրս չի գա։ Սա մի քայլ էր՝ հասկանալով Աֆրինի վիճակը, այսինքն՝ սրանք խաղեր են նաև PKK-ի միջև»։
Նաև տեղեկություններ տարածվեցին, որ սրվել են Թուրքիա-սիրիական ընդդիմադիր որոշ ուժեր հարաբերությունները, և, որ Աֆրինում լուրջ բախումներ են եղել թուրքական զինուժի և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններում թուրքերին օգնած ընդդիմադիր խմբավորումների միջև (կան զոհեր և վիրավորներ):
Մասնավորապես ասվում է, որ բախումների պատճառը եղել է այն, որ սիրիացի ընդդիմադիրները թուրքական զինուժից պահանջել են շարժվել Թալ Ռիֆաթի ուղղությամբ (Աֆրինից արևելք), որը տեղի չի ունեցել: Դրան հաջորդել են ընդդիմադիր կառույցներին թուլացնելու և առաջնորդներին ոչնչացնելու թուրքական զինուժի օպերացիան և օդուժի ռմբակոծությունները:
Սարգիս Գրիգորյանը բավականին հետաքրքիր է համարում վերոնշյալը. «Ինձ թվում է՝ այնտեղ ընդհանուր հայտարարի էին եկել, թե Աֆրինից հետո ինչ ուղղություն կստանան ռազմական գործողությունները, բայց քանի որ այս փուլում Թուրքիան կողմ էր, որ Աֆրինով սահմանափակվի ամեն ինչ, ընդդիմադիրները հասկացել են, ու բախումներ են եղել։ Տեղեկություններ կան, որ այն ուժերը, որոնք գլուխ են բարձրացրել թուրքական զինուժի դեմ, ձերբակալվել են։ Այսինքն՝ Թուրքիան դրանով ուզում է ցույց տալ, որ Աֆրինում թելադրողն իրենք են, այլ ոչ թե՝ այն ընդդիմադիրները, որոնց միջոցով նրանք կարողացան այնտեղ հաղթանակի հասնել»։
Աֆրինի գործողություններից հետո Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի Մանբիջ և Կամիշլի։ Ս. Գրիգորյանը նկատեց՝ Կամիշլիում և Ալ-Հասաքայում սիրիական կանոնավոր բանակ կա, ինչը զսպող իրողություն է Թուրքիայի համար. «Թուրքիայի պարագայում դժվար է կանխատեսել, թե ինչ վարքագիծ կդրսևորի, բայց որոշակի զսպող իրողություններ կան, որը նա հաշվի կառնի»։