«Խիստ շահագրգռված ենք, որպեսզի պետություն-մասնավոր համագործակցության բանաձևը տարածվի մեր երկրում». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և լեհական «Simed Construction» ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն, «Simed group» ընկերությունների խմբի նախագահ Բոգուսլավ Շիկորսկին:
Հուշագրի համաձայն՝ կողմերը կզարգացնեն պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն Բոգուսլավ Շիկորսկին մտքեր են փոխանակել երկկողմ գործակցությանը վերաբերյալ, անդրադարձել հեռանկարային ծրագրերին և առաջիկա անելիքներին:
Կարեն Կարապետյանը ողջունել է «Simed Group» ընկերությունների խմբի մուտքը Հայաստան՝ նշելով. «Տեղյակ եմ, որ ակտիվ բանակցություններ եք ունեցել, և չափազանց խելացի ու պրոգրեսիվ թիմ ունեք, որովհետև ճիշտ ժամանակին և ճիշտ երկիր եք եկել: Պետություն-մասնավոր համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է, և մենք չափազանց ճկուն ենք լինելու այս հարաբերությունները ձևավորելու հարցում, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի համագործակցության այս բանաձևը տարածում ստանա մեր երկրում: Ջրային տնտեսության ոլորտը մեր առաջնահերթությունների շարքում է»:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար և կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ Բոգուսլավ Շիկորսկին նշել է. «Simed Group» ընկերությունների խումբը ներկայացնում է լեհական մի քանի ընկերություն և իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք Դուք նշեցիք որպես առաջնահերթություն: Շատ արդյունավետ է համագործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, և այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»:
Անդրադառնալով ջրամբարաշինության ծրագրերում փոխգործակցության զարգացմանը՝ Բոգուսլավ Շիկորսկին այն հեռանկարային է համարել և նշել, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամանակ անց՝ 2018 թ. հունիսին, սկսել աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ վաղը նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ «Simed Construction» ընկերության կողքին և աջակցել պետություն-մասնավոր ձևաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը: