««Եվրիմաժին» անդամակցելու երկու տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է ունենալ հաջողություններ». Շուշանիկ Միրզախանյան
«Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Երևանում կայացած «Եվրիմաժ» համատեղ կինոարտադրության, կինեմատոգրաֆիկ և աուդիովիզուալ աշխատանքների վարձույթի եվրոպական հիմնադրամի տնօրենների խորհրդի հերթական նիստի մասին:
Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ «Եվրիմաժին» անդամակցելու երկու տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է ունենալ հաջողություններ, որոնք եղել են ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը՝ 250.000 եվրո, և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը՝ 20.000 եվրո, «Սպիտակ» ֆիլմը, բացի ռուսական կողմից, ֆինանսավորվել է նաև Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից, իսկ «Ֆաբրիկա» ֆիլմը հայաստանյան կողմից ներկայանում է մասնավոր կինոարտադրող ընկերության՝ «Շարմի» հետ միասին: Պետք է նկատեմ, որ «Եվրիմաժի» հայկական պատվիրակության անդամների հետ համատեղ մեծ աշխատանքներ կատարվեցին, որպեսզի այս տարի «Եվրիմաժի» տարեկան չորս աշխատանքային ժողովներից մեկը կազմակերպվի և անցկացվի հենց Հայաստանում: Սա տեղական կինոաշխարհի համար մեկշաբաթյա մի տոն էր, իսկ մենք, ի դեմս Ազգային կինոկենտրոնի, ներկայացանք՝ որպես ընդունող կողմ, և կազմակերպեցինք Հայաստանում անցկացվելիք աշխատանքային ժողովի անխափան աշխատանքները»:
Սուսաննա Հարությունյանն անդրադառնալով թեմային՝ մանրամասնում է՝ «Եվրիմաժն» առայսօր 38 անդամ պետություն ունի, ներառյալ՝ Հայաստանը: Յուրաքանչյուր կինոնախագծի համար հիմնադրամը հատկացնում է 500. 000 եվրո: Հիմնադրամի ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն եվրո, որը բաժանվում է 4 մասի և հատկացվում տարվա ընթացքում 4 ժամանակամիջոցներում ներկայացված նախագծերին:
Սուսաննա Հարությունյանն ընդգծում է՝ «Եվրիմաժն» ունի համագործակցության տարբեր սխեմաներ. «Ամենամեծ մասնաբաժինը, իհարկե, համատեղ կինոարտադրության սատարումն է, բայց այս հիմնադրամն ունի նաև ֆինանսավորման երկու շատ հետաքրքիր ծրագիր՝ կինոթատրոնների և դիստրիբյուտորների ոլորտի համար: Կինոթատրոնների մասով Հայաստանից «Մոսկվա» կինոթատրոնը «Եվրիմաժի» հայաստանյան գագաթաժողովի ընթացքում ներկայացրել է փայլուն պատրաստված փաթեթ, որն արժանացել է հիմնադրամի հավանությանը՝ մտնելով եվրոպական երկրների տարածքում առկա կինոթատրոնների ցանկի մեջ:
Արդյունքում, 2017 թվականի ցուցանիշների հիման վրա «Մոսկվա» կինոթատրոնը «Եվրիմաժից» այս տարի որպես աջակցություն կստանա 15.000 եվրո գումար: Քանի որ Հայաստանում դիստրիբյուցիոն ընկերություններ, որպես այդպիսին, չկան, այդ մասով բաց տեղ մնաց, բայց օգտվելով այս առիթից, ես դիմում եմ հայաստանյան գործարարներին, որպեսզի նրանք մտածեն այդօրինակ ընկերությունների ստեղծման ուղղությամբ, որը ոչ միայն կնպաստի տեղական կինոշուկայի ձևավորմանն ու զարգացմանը, այլև լայն հնարավորություններ կընձեռի նրանց, որպես բիզնես նախագիծ, որ կարող է հետաքրքրություն ներկայացնել, օրինակ, «Եվրիմաժում»»:
Տեղեկացնենք, որ «Եվրիմաժ» հիմնադրամին անդամակցելու գործընթացը Հայաստանը սկսել է դեռևս 2006 թվականից և 10 տարվա բանակցությունների արդյունքում անդամակցությունն ի վերջո իրականություն է դարձել:
«Եվրիմաժի» տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն եվրո, որը կազմվում է անդամ պետությունների տարեկան ֆինանսական ներդրումներից և տրամադրված վարկերի վերադարձից: Հայաստանը, անդամակցելով հիմնադրամին, վճարել է 63 մլն դրամ: