«Սա պատրանքային իրավունք է պատրանքային խորհրդարանական երկրում». Էդմոն Մարուքյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հանրաքվեի մասին» և հարակից օրինագծերը երկրորդ ընթերցմամբ։
«Հանրաքվեի դրվող հարցերի շարքում ավելացվել է հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների նախագծերի փաթեթը, քանի որ Սահմանադրությունն ասում է, որ հանրաքվեով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով, և միայն 1 տարի հետո»,- ասաց փոխնախարարը։
Ըստ նրա՝ քաղաքացիական նախաձեռնությամբ, երբ 50 հազար անձ դիմում են ԱԺ, խորհրդարանը կարող է քննարկել, ընդունել կամ չընդունել նախագիծը, վերջին դեպքում՝ 300 հազար անձի ստորագրության հավաքագրման դեպքում կարող է նշանակվել հանրաքվե։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք առաջարկներ էին ներկայացրել, և, իրենց կարծիքով, Սահմանադրության մեջ դրված այն հիմքերը նշված իրավունքի վերաբերյալ և այս օրենքը՝ որպես Սահմանադրության իմպլեմենտացիա այս մասով, այս իրավունքը դարձնում են պատրանքային իրավունք, այսինքն՝ քաղաքացին ունի իրավունք, բայց իրագործելը անհնար է։ նա նշեց, որ «Ելքն» առաջարկել էր 300 հազար ստորագրություն հավաքելու համար ժամկետ նշանակել, սակայն չի արվել։ Վերպետական կառույցի անդամագրվելու ցանկության դեպքում ժողովուրդը չի կարող նախաձեռնել, պետք է անպայման կառավարությունն առաջարկի։
«Սա պատրանքային իրավունք է, և, բնական է, որ այն կա մեր երկրում, որովհետև պատրանքային խորհրդարանական երկրում, որտեղ պատրանքային խորհրդարանական կառավարում կա, այդ խորհրդարանական կառավարման երկրում քաղաքացիները նաև պատրանքային քաղաքացիական նախաձեռնության իրավունք ունեն, պատրանքային հանրաքվե անցկացնելու տարբեր պատրանքային թեմաներով։ Սա պատրանքային պրոցես է, ըստ էության»,- ասաց Է.Մարուքյանը՝ հավելելով, որ սա նորմալ իրավունք դարձնելու համար պետք է փոփոխել Սահմանադրությունը։
«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ երբ մարդը չի կարողանում մասնակցել պետության կառավարմանը, սա կարող է բացասական հետևանքների բերել, իսկ մասնակցության դեպքում մարդը դառնում է բաժնետեր։