«Քաղաքական գործիչները վախենում են երաժիշտներից, որովհետև ամբողջ աշխարհում երաժիշտները խոսում են միևնույն լեզվով». Հայաստանում է լեգենդար դիրիժոր Լիոր Շամբադալը
Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի հայ հանդիսատեսի ֆավորիտ, 21-րդ դարի լավագույն դիրիժորներից մեկը՝ Լիոր Շամբադալը: Համերգի մենակատարն է Պինկաս Ցուկերմանի սանը՝ ջութակահար Ասի Մատաթիասը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ մաեստրո Լիոր Շամբադալը նշեց, որ արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի նպատակով, և կեսկատակ ավելացրեց, թե ինքը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ է սիրում, բայց կասկածներ ունի, որ նրանք իրեն ավելի շատ են սիրում.
«Ես շատ լավ ծանոթ եմ հայ ժողովրդի պատմությանը, ինձ դուր է գալիս նաև ձեր քաղաքը: Առանց ավելորդ համեստության՝ ասեմ, որ ինձ շատ է դուր եկել հայկական իշխանի համը, ձեր պանիրն ու գինին: Մշակույթն է, որ ինձ շատ գրավում է Հայաստանում: Փողոցներում ամենուր ես տեսնում եմ հայկական մշակութային գործիչների պատկերներով պաստառներ: Ես տեսնում ու հասկանում եմ, թե որքան եք դուք հպարտանում ձեր մշակույթով և այն մարդկանցով, ովքեր ստեղծել են այդ մշակույթը: Այս կոնտեքստում պետք է նկատեմ, որ աշխարհի մյուս կեսում արվեստի նկատմամբ շատ ավելի կոմերցիոն մոտեցում կա: Ասեմ ավելին՝ կան եվրոպական երկրներ, որտեղ սիմֆոնիկ նվագախմբեր են փակվում, ինչպես, օրինակ, Հռոմի սինֆոնիկ նվագախումբն էր: Այս իրավիճակի պատճառը մնում է միջոցների սղությունը: Դրան հակառակ՝ օրինակ, Չինաստանում ծաղկում է դասական երաժշտությունը, նկատելիորեն բարձրացնելով նաև իր որակները»:
Անդրադառնալով երաժշտության ազդեցությանն առհասարակ, մաեստրո Շամբադալը նշում է. «Քաղաքական գործիչները վախենում են երաժիշտներից, որովհետև ամբողջ աշխարհում երաժիշտները խոսում են միևնույն լեզվով: Երաժշտության միջոցով մենք կարծես թե կարողանում ենք ազդել քաղաքականության ընթացքի վրա»:
Խոսելով առաջիկա համերգից, դիրիժորն ընդգծեց. «Որպես կանոն, հյուրախաղից առաջ ես առաջարկում եմ այն ծրագիրը, որը պատրաստվում եմ կատարել: Հիմնականում նախընտրում եմ գերմանական դասական երաժշտություն, իսկ Շումանը գերմանական երաժշտության մեջ շատ զգայուն և ռոմանտիկ կոմպոզիտոր է, հենց այդ պատճառով էլ այս անգամ որոշվեց նրան ընդգրկել առաջիկա համերգի ծրագրում»:
Տեղեկացնենք, որ դեռևս 2013թ. ՀԱՖՆ-ն առաջին անգամ հրավիրեց հայտնի դիրիժորին՝ մասնակցելու «Երևանյան 7-րդ երաժշտական միջազգային փառատոնին», որտեղից և սկսվեց մաեստրոյի և ՀԱՖՆ-ի սերտ համագործակցությունը:
Լիոր Շամբադալը 1997թ.-ից Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի (Berliner Symphoniker) գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է: Իր գործունեության ընթացքում բազմաթիվ համերգներ է ունեցել Berlin Philharmonie Hall-ում և Բեռլինի Konzert Haus-ում: Նրա ղեկավարությամբ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում, Կորեայում, Իտալիայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում:
Համերգի մասնակից մենակատար, իսրայելցի ջութակահար Ասի Մատաթիասը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ տեխնիկան, իհարկե, շատ կարևոր է երաժշտի համար, բայց, թերևս, ամենակարևորը չէ, որովհետև ամեն երաժիշտ յուրաքանչյուր կատարման ընթացքում պետք է ներդնի իր ներքին ապրումները, որպեսզի նրան հաջողվի վերհանել և հանդիսատեսին փոխանցել երաժշտության խորքերում եղած զգայական դաշտը:
Տեղեկացնենք, որ Ասի Մատաթիասն առաջին անգամ է հանդես գալիս ՀԱՖՆ-ի հետ: Նա կներկայացնի ջութակահարների երկացանկի ամենասիրված գործերից մեկը՝ Չայկովսկու Ջութակի կոնցերտը:
Պինկաս Ցուկերմանի սան Ասի Մատաթիասն իր սերնդի ամենախոստումնալից ջութակահարներից է: Նրա բեմելը կայացել է 14 տարեկանում՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Զուբին Մետայի ղեկավարությամբ: Ասի Մատաթիասը հանդես է եկել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ՝ Լեոն Բոթստայնի, Ֆրեդերիկ Չեսլինի, Էդուարդ Թոփչյանի, Սթիվեն Գունզենհաուզերի, Սթիվեն դ՛Ագոստինոյի, Մենդի Ռոդանի, Օլիվեր Վեդերի, Յարոն Թրաուբի, Նոամ Զուրի և այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և 21-րդ դարի լավագույն դիրիժորներից մեկի՝ Լիոր Շամբադալի, ու մենակատար, իսրայելցի ջութակահար Ասի Մատաթիասի համատեղ համերգը տեղի կունենա մարտի 23-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ծրագրում կհնչեն Շումանի «Մանֆրեդ» նախերգանքը և Սիմֆոնիա թիվ 1-ը, ինչպես նաև՝ Չայկովսկու Ջութակի կոնցերտը: