ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ է ընտրվել Մկրտիչ Մինասյանը
Շաբաթ օրը Ճարտարապետների միությունում հրավիրված 19-րդ համագումարի ընթացքում Հայաստանի Ճարտարապետների միության հիմքում վերակազմավորված նոր կառույցի՝ ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահի ընտրություններ էին:
Նույն օրը՝ կեսգիշերից կես ժամ առաջ, հայտնի դարձավ, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում՝ 129 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ է ընտրվել Մկրտիչ Մինասյանը:
Հիշեցնենք, որ առաջադրված չորս թեկնածուներից երեքն ինքնաբացարկ էին ներկայացրել, որի արդյունքում՝ նոր Պալատի նախագահի միակ թեկնածուն Ճարտարապետների արդեն նախկին միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանն էր:
Տեղեկացնենք, որ Ճարտարապետների միությունն այսուհետ վերակազմավորվում է ՀՀ Ճարտարապետների պալատի, որը մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի ձևավորման կարգը, գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են «Ճարտարապետների գործունեության մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ Ճարտարապետների պալատի գործունեության հիմնական նպատակն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ճարտարապետության և ճարտարապետների դերի հաստատումը՝ ուղղված հանրապետության քաղաքաշինության և ճարտարապետական հիմնահարցերի լուծմանը:
Ճարտարապետների պալատի կանոնադրության համաձայն՝ պալատը ղեկավարում է նախագահը, ով Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնակատար անձն է: Պալատի նախագահին ընտրում է Պալատի ընդհանուր ժողովը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Պալատի նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով, ոչ ավելի, քան 2 տարի անընդմեջ: Պալատի նախագահ կարող է ընտրվել առնվազն 15 տարվա մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող ճարտարապետը: