Բաժիններ՝

11 միֆեր, որոնց սկսում ենք հավատալ, երբ որոշում ենք վերադառնալ նախկին հարաբերություններին

Մեզնից շատերն են փորձ արել վերականգնել այս կամ այն հանգամանքների պատճառով անցյալում մնացած հարաբերությունները: Անկասկած, երբեմն նախկին սիրուն վերադառնալու շատ ծանրակշիռ պատճառներ են լինում, և իրոք իմաստ ունենում է քայլեր ձեռնարկելը, սակայն դեպքերի մեծ մասում որոշ ժամանակ անց մենք հասկանում ենք, որ վերամիավորման առիթները ոչ այլ ինչ էին, քան միֆ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 11 ամենատարածված արդարացումները, որոնք մենք գործածում ենք նման իրավիճակներում, որոնք, սակայն, իրականում դատարկ բաներ են:

1. Այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի:

Աշխարհը տեղում չի դոփում, այդ պատճառով էլ, իհարկե, այլ կերպ կլինի: Միայն թե կա մեծ հավանականություն, որ կլինի ավելի վատ, քան եղել է: Հետազոտությունների համաձայն` վերադառնալուց հետո զուգընկերներն ավելի քիչ ուշադրություն են դարձնում իրենց հարաբերությունների դրական կողմերին` ավելի շատ կենտրոնանալով դրանց բացասական կողմերին, իսկ ինչ-որ բան ուղղելու փորձեր հազվադեպ են անում և առանց առանձնահատուկ ջանքեր գործադրելու: Բացի այդ, պարզապես պաշտում են նախկին վիրավորանքները հիշելը:

Կարդացեք նաև

2. Նա կտրուկ փոխվել է:

Մարդիկ չեն փոխվում, ավելի ճիշտ, նրանք արագ և հենց այնպես չեն փոխվում: Անգամ ամենաաննշան սովորությունից հրաժարվելու համար պետք է շատ ուժեղ ու անկեղծ ցանկություն, մոտիվացիա, աշխատանք ինքդ քեզ վրա ու ժամանակ: Այդ պատճառով էլ ազնվորեն պատասխանեք հետևյալ հարցին` ձեր զուգընկերն արդյոք այդ ամենն ունի՞ փոխվելու համար:

3. Ոչ ոք ինձ այնպես չգիտի, ինչպես իմ նախկինը:

Այո, այդպես էլ կա: Դուք շատ ժամանակ եք միասին անցկացրել, և բնական է, երբ ձեր նախկին կեսը գիտի, որ դուք տանել չեք կարողանում տապակած սոխը, իսկ բոլոր ըմպելիքներից գերադասում եք խաղողի հյութը, որն իրականում գինին է: Բայց դա հարաբերությունները վերակենդանացնելու փաստարկ չէ:

Չէ՞ որ անգամ այն փաստը, որ դուք միմյանց մասին շատ բան գիտեք, ձեզ ժամանակին չի օգնել խուսափել բաժանումից: Իսկ միգուցե հենց դա էլ նպաստե՞լ է բաժանմանը. չէ՞ որ հարաբերություններում միշտ էլ պետք է պահպանվի գաղտնիքը:

4. Շուրջբոլորս բոլորը հիմար են, և ես դժվար թե գտնեմ ավելի լավին:

Հետևելով, թե մեր նոր ծանոթն ինչպես է մի կերպ թպրտում մանկական լողավազանում, մենք անպայման կհիշենք, թե որքան լավ էր լողում նախկինը: Նա նաև ավելի հանգիստ էր մեքենան վարում ու ավելի հետաքրքիր կատակներ էր անում: Սա այն նույն «հարևանի հարսն ավելի սիրուն է» սինդրոմն է:

Այո, հնարավոր է, որ քո նախկին ընկերն ավելի լավ էր լողում, բայց քո նոր ծանոթն էլ ավելի լավ վերնաշապիկ է արդուկում ու, ի դեպ, ոչ միայն իրենը: Բացի դրանից, անտարբեր է համակարգչային խաղերի նկատմամբ: Պարզապես մենք չենք ցանկանում դա տեսնել: Չէ՞ որ նոր հարաբերությունները ելք են հարմարավետության գոտուց, իսկ սթրեսի ենթարկվել ոչ ոք չի ուզում:

5. Դե հա, մի բան չէ, բայց իմն է:

Մարդկային ուղեղն ավելի զգայուն է կորուստների նկատմամբ, քան ձեռքբերումների, և մեզնից շատերի համար ավելի լավ է խուսափել մի քանի հազար արժողությամբ տուգանքից, քան վիճակախաղով նույնքան գումար շահելուց, չնայած 2 դեպքերն էլ, ըստ էության, նույնն են մեր բյուջեի տեսանկյունից:

Չէ՞ որ 2 դեպքում էլ մեր դրամապանակում մնացին այդ մի քանի հազարը: Այդպես էլ հարաբերությունների պարագայում է: Բայց ինքներդ ձեզ հարցրեք` ո՞րն է լավ. մեկ, երկու կամ թեկուզ հինգ տարուց հանդիպել մեկին, ում հետ կյանքի մնացած մասը կապրեք ինչպես հեքիաթո՞ւմ, թե՞ վերադառնալ ու ողջ կյանքում մի կերպ ապրել նույն այն մեկի հետ, ով մի բան չէ, բայց քոնն է:

6. Ես ուրիշի հետ ժամադրվելու ժամանակ չունեմ:

Եթե ժամադրության վերջնական արդյունքը խորանի մոտ երդում տալը չի եղել, դա դեռ չի նշանակում, որ այն անհաջող է եղել: Կյանքը միայն դա չէ: Նոր մարդու հետ ծանոթությունը, առաջին հերթին, աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություն է, ինչն արդեն քիչ չէ: Եվ պետք չէ մոռանալ համացանցի մասին: Շատ են դեպքերը, երբ ամուսնություններ են գրանցվում այն զույգերի միջև, ովքեր միմյանց համացանցով են գտել:

7. Մենք դեռ միայն ընկերներ կմնանք, հետո կերևա:

Նախկին զուգընկերների միջև ընկերությունը, որպես կանոն, տարբերվում է միջինից ցածր որակով: Այդպիսի հարաբերությունները չեն փայլում զգացմունքայնությամբ, վստահությամբ և հաճախ քողարկված են լինում զուգընկերներից մեկի շահամոլությամբ: Եվ ևս մեկ պահ: Նախկինի հետ ընկերություն անելու մղումը կարող է հոգեկան խնդրի նշան լինել:

8. Դուք մի քիչ խմեցիք ու համբուրվեցիք: Կարող էիք, իհարկե, տուն վերադառնալ միասին:

Դեպքերից գրեթե կեսի ժամանակ հենց այդպես էլ պատահում է: Բաժանումից հետո կանանց և տղամարդկանց գրեթե կեսը քնում են իրենց նախկին զուգընկերների հետ:

Դրա համար էլ, եթե պատահել է այնպես, որ արթնացել եք ձեր նախկինի կողքին, նկատի ունեցեք, որ ձեր դեպքը բացառիկ չէ, և դա առիթ չէ ամեն ինչ մաքուր էջից սկսելու համար: Պարզապես արեք հնարավոր ամեն բան, որպեսզի դա սովորություն չդառնա, քանի որ նախկին զուգընկերոջ հետ կանոնավոր սեքսը շատ լուրջ արգելք է պայծառ ապագայի ճանապարհին:

9. Ոչ ոք կատարյալ չէ:

Ամեն ինչ ճիշտ է. մեզնից և ոչ ոք կատարյալ չէ: Բայց որևէ մեկին կատարյալներ պետք էլ չեն: Սիրում ու ամուսնանում են, ինչպես դուք վաղուց երևի նկատել եք, բոլորովին էլ ոչ կատարյալների հետ: Եվ դա՝ այն պատճառով, որ երկրորդ կեսը միշտ պետք է հարմար լինի մյուսին, ձգտի հասնել լավագույնին: Դրա համար էլ երկրորդ կես է անվանվում:

Դուք ևս չեք բաժանվել այն պատճառով, որ ձեզնից ինչ-որ մեկը կատարյալ չի եղել: Ուղղակի դուք միմյանց հարմար չեք եղել: Ընդունեք սա ու ապրեք:

10. Իմ նախկինն ինձ հանգիստ չի տալիս:

Հաճախ պատահում է այնպես, որ հարաբերությունների ավարտից հետո զուգընկերներից մեկը հանկարծ սկսում է ակտիվություն ցուցաբերել, մի բան, որ նախկինում չկար:

Զանգեր, խոստումներ, սոցցանցերում մեկնաբանություններ, իսկ երբեմն էլ` անսպասելի այցելություններ: Սիրում է. հենց այս եզրակացությանն ենք մենք հանգում դեպքերի մեծ մասում: Սիրում է ու չի կարողանում մոռանալ: Ցավոք, հաճախ այդ կերպ արտահայտվում է ոչ թե սերը, այլ տոտալ վերահսկողության և ստուգելու պահանջմունքը՝ դուք դեռ իր բռի մե՞ջ եք, թե՞ արդեն ոչ:

11. Միգուցե ես մոծակից փիղ եմ սարքում:

Միգուցե և այդպես էլ կա: Եթե բաժանման պատճառը բարեկամները, աշխատանքը կամ այլ արտաքին հանգամանքներ են եղել, ապա որոշումը երբեմն պետք է վերանայել, և երկրորդ փորձը կարող է բավականին հաջողակ լինել: Հնարավորությունները մեծանում են, եթե այդ բաժանումն առաջինն է, իսկ դուք ձեր զուգընկերոջ հետ շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեք:

Սակայն, ցավոք, ամենից հաճախ բաժանման մեղավորն ավելի լուրջ հանգամանքներ են, օրինակ` դավաճանությունը: Եվ դա բոլորովին էլ չափազանցություն չէ, այլ հարաբերություններին վերջ տալու իրական առիթ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս