«Այս ուղին, որ մենք ընտրեցինք, որոշակի կերպով կվերահսկի քաղաքը՝ տարերայնորեն աղավաղող քաոսից». Սաշուր Քալաշյան
Այսօր Ճարտարապետների միությունը հրավիրել է պատմական նշանակության՝ 19-րդ համագումարը, որով կավարտվի նաև միության պատմությունը: Ճարտարապետների միությունը վերակազմավորվում է՝ ՀՀ Ճարտարապետների պալատի, որը կլինի մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն:
Ժամեր անց պարզ կդառնան նաև ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունների արդյունքները:
Մինչ այդ 168.am-ը զրուցել է համագումարին ներկա ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարելի է սպասել Ճարտարապետների նախկին միության հիմքով վերակազմավորված Ճարտարապետների պալատի գործունեությունից.
«Միությունը հասարակական կազմակերպություն էր, որը որևէ մասնագիտական լծակ այսօրվա դրությամբ չուներ: Սովետական տարիներին, երբ պատվիրատուն միայն պետությունն էր, ապա պետական պատվերները չէին կարող իրականացվել, մինչ այն պահը, մինչև դրանք չքննարկվեին միության ներսում, այսինքն՝ միությունն ուներ պետական լիազորություններ: Այս օրերի շուկայական հարաբերությունների արդյունքում պատվիրատուն կարող է լինել ցանկացած մեկը, և ստացվում է այնպես, որ ճարտարապետները ենթարկվում են պատվիրատուի քմահաճույքներին, որը շատ հաճախ, ինչպես և տեսնում ենք՝ հակասում է քաղաքաշինական ընդհանուր միջավայրի ձևավորմանը:
Սրա դեմ պայքարելու համար մեզ՝ ճարտարապետներիս, լծակներ էին անհրաժեշտ, իսկ հասարակական կազմակերպությունը լծակներ չունի, այլ միայն՝ խորհրդակցական ձայնի իրավունք: Արդյունքում՝ ճարտարապետները մնացել են անպաշտպան և չեն կարողանում դիմադրել պատվիրատուների քմահաճույքներին: Այդ իսկ պատճառով ստեղծվում է Ճարտարապետների պալատը, որը պետությունից իր վրա է վերցնում արտոնագրման գործընթացը, որպեսզի մենք կարողանանք կանգնել ճարտարապետների մեջքին և պաշտպանենք նրա շահերը պատվիրատուի մոտ: Հույս ունեմ՝ այս ուղին, որ մենք ընտրեցինք, որոշակի կերպով կվերահսկի քաղաքը՝ տարերայնորեն աղավաղող քաոսից»:
Անդրադառնալով Ճարտարապետների պալատի նոր նախագահի ընտրության թեմային՝ Սաշուր Քալաշյանը նկատեց. «Այստեղ բոլորովին կարևոր չեն ո՛չ նախագահը, ո՛չ անդամները: Պալատն արդեն հասարակական կազմակերպություն չէ, և ով էլ որ ընտրվի, շատ ծանր բեռի և պատասխանատվության տակ է հայտնվելու: Ուրեմն թող մտածի՝ պատրա՞ստ է ինքն այդ աշխատանքին, կամ ունի՞ ինքն այդ նվիրումը, թե՞ ոչ»: