«Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր». Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանի Հանրապետություն»
Եվրոպան ստեղծվել է համագործակցային սկզբունքների հիման վրա, որոնք կիրառվում են թե իր սահմանների ներսում, թե հարեւանների հետ հարաբերություններում: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հնարավորություններին եւ այդ գործընթացում Հայաստանի դերին: Նա նաեւ ներկայացրեց ԵՄ համագործակցային քաղաքականությունը:
«Մենք ցանկանում ենք պահպանել դա որպես մեր քաղաքականության առանցքային սկզբունք»,-ասաց Սվիտալսկին:
Նա շեշտեց, որ ԵՄ-ն աշխարհի ցանկացած կետում տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից է, սակայն նրա աջակցությունը հիմնված է մասնակից երկրների ազատ ընտրության եւ միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա, ինչը ներառում է նաեւ միջազգային սահմանները հարգելը:
«ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար եւ կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից»,- ասաց Սվիտալսկին՝ միաժամանակ նշելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ-ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ եւ Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ:
«Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առեւտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված»,-ասաց նա՝ որպես օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը. «Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»:
Այնուամենայնիվ, Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է. «Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները եւ բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: