Բաժիններ՝

«Բանակում հանցագործություն կատարողները նույնպես զոհեր են. նրանց հետ այդպես դաժան չի կարելի վարվել». Ավետիք Իշխանյան

«Ժամանակին, ՔՕ-ն կազմող աշխատանքային խմբի հետ մի շարք քննարկումներ ենք ունեցել, և արդյունքում՝ ցմահ ազատազրկումը սահմանվել էր 21 տարեկանից։ Դա շատ կարևոր է, որովհետև հոգեբանորեն ապացուցված է, որ 18 տարեկան դառնալը դեռ չի նշանակում, որ մարդը լրիվ հասուն է»,- այսօր ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական շատ երկրներում 21 տարեկանից են ցմահ ազատազրկման դատապարտում, իսկ այն երկրներում, որտեղ 18 տարեկանից է նախատեսվում, մինչև 21 տարեկանը դատապարտյալն անցնում է հոգեբանական թեստեր. «Նախագծի նախնական տարբերակում հենց այդպես էլ գրված էր, ինչ-ինչ պատճառներով վերջնական տարբերակում նորից վերադարձ է կատարված 18 տարեկանը։ Հետաքրքրականն այն է, որ 21 տարեկանին վերադառնալու մեր առաջարկը մերժվել է Արդարադատության նախարարության կողմից․ պատճառաբանել են, թե մենք պատերազմական վիճակում ենք գտնվում։ Ինձ համար լրիվ անհասկանալի է սա, մանավանդ, երբ այդ հոդվածը նայեք, այնտեղ գրված է, որ ցմահ ազատազրկումը սահմանվում է 18 տարեկանից, բայց շարունակությունը ցույց է տալիս, որ 18 տարեկանից չեն տալիս։ Սա կարևոր հարց է։

Մենք՝ իրավապաշտպաններս, միշտ պայքարում ենք բանակում հանցագործությունների դեմ, բայց հաշվի առեք մի բան, որ բանակում հանցագործություն կատարողները նույնպես զոհեր են՝ անչափահաս մարդիկ են, և նրանց հետ այդպես դաժան չի կարելի վարվել»։

Իրավապաշտպանի մյուս մտահոգությունը վերաբերում է ահաբեկչության քարոզի և դրա արդարացման պատասխանատվության քրեականացման նախագծին. «Դա շատ հեղհեղուկ հոդված է, և մենք գիտենք՝ դա ինչպես կարող է կիրառվել, մանավանդ՝ ոչ իրավական պետության մեջ։ Ենթադրենք, որ ինչ-որ մեկն ասում է՝ Դրաստամատ Կանայանը մեծ զորավար է, հիշենք, որ նա Նակաշիձեի նկատմամբ ահաբեկչություն է իրականացրել, ուրեմն՝ նրան պետք է քրեական պատժի ենթարկե՞ն։ Իհարկե, ես հեգնում եմ, որովհետև դա չի լինի, բայց այդ հոդվածը կարող է շատ կամայական ձևով կիրառվել»։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Իշխանյանի դիտարկումների վերաբերյալ։ Ցմահ ազատազրկումը 21 տարեկանից սահմանելու վերաբերյալ Հարությունյանն ասաց, որ հարցը ենթակա է քննարկման։ Ինչ վերաբերում է ահաբեկչության քարոզի և դրա արդարացման պատասխանատվության քրեականացման նախագծին, Հարությունյանը համաձայն չէ, որ ձևակերպումը հեղհեղուկ է. «Ամեն դեպքում, եթե բարելավման առաջարկություններ կան, կլոր սեղանի բուն նպատակը հենց դա է, որ հնչեն առաջարկություններ։ Երբեմն թվում է, թե առաջարկությունը բարելավում է, բայց իրականում առաջացնում է նոր հակասություններ այլ հոդվածների հետ։ Պետք է ամեն ինչը դիտարկել համակարգային տեսանկյունից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս