Հայտարարվել է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների երկրորդ փուլը
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում հայտարարվում է Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը՝ նախատեսված տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափների և գործող ընկերությունների համար:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ հայտնեցին հրավիրված բանախոսները՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ տեխնոլոգիաների փոխնախարար Ամալյա Եղոյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Մարիա Նայերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը:
«Դրամաշնորհային ծրագրերը, որոնք աջակցում են սկսնակ ընկերությունների ձևավորմանն ու ոլորտում կայացմանը, ինչպես նաև նոր շուկաներ ձեռք բերելուն, շատ կարևոր են,- նշում է ասուլիսի մասնակից Ամալյա Եղոյանը և հավելում,- դրամաշնորհային ծրագրերի վերջին փորձը ցույց տվեց, որ մարզերում, ինչպես, օրինակ՝ Շիրակում, որտեղ գործում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, հնարավորություն ընձեռվեց ձևավորելու և գործունեություն ծավալելու մի շարք երիտասարդ ընկերությունների, որոնք կարճ ժամանակ անց զգալի արդյունքներ գրանցեցին: Հույս ունենք, որ երկրորդ փուլում նույնպես կունենանք նորարար գաղափարներով հագեցած մեծ թվով դիմորդներ՝ կապված հատկապես ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և կրեատիվ ստեղծագործ ոլորտների հետ»:
Բանախոսներն ընդգծում են՝ նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլին կարող են մասնակցել այն ընկերություններն ու թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ՝ ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում: Հայտատուները պարտավոր են ապահովել ծրագրի համար անհրաժեշտ չափով համաֆինանսավորում՝ Երևանի դեպքում՝ 50 տոկոսի չափով (այսինքն՝ 35.000 եվրո), իսկ մարզերի դեպքում՝ 15 տոկոսի չափով:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը նկատում է՝ կարևոր է առաջին հերթին աջակցություն տրամադրել հատկապես որակ ապահովող նորարար գաղափարներին, որոնք էլ և հետագայում կհանդիսանան տնտեսության շարժիչ ուժը: Ըստ բանախոսի՝ այն ընկերությունները, որոնք հաղթել էին առաջին փուլում, ներքին շուկայում արդեն իսկ տվել են իրենց նկատելի արդյունքները:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Մարիա Նայերն էլ ընդգծում է՝ դրամաշնորհների սխեման մեծ ներդրում կունենա Հայաստանում ստարտափ էկո համակարգի զարգացման համար: «Շատ կարևոր է ոչ միայն դրամաշնորհների տրամադրումը, այլ նաև ամբողջական աջակցության շղթան, որ լիարժեք հնարավորություն կտա ձեռք բերելու անհրաժեշտ բիզնես հմտություններ և տնտեսության համար դառնալու իսկապես ուժեղ միավորներ: Մենք իրոք հավատացած ենք, որ այս ծրագրի իրականացման միջոցով մենք իսկապես խթանում ենք ստարտափների էկո համակարգը, և արդեն իսկ հեռանկարում կան այնպիսի ընկերություններ, որոնք ծրագրի ավարտին կարող են դառնալ լուրջ միջազգային խաղացողներ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը համարում է, որ ծրագիրն իրականանում է բավական հաջող ընթացքով, որը, ի տարբերություն այլ նմանատիպ ծրագրերի, ունի մի առավելություն՝ հատուկ շեշտադրումը ճարտարագիտությանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտին.
«Սա պատահական ընտրություն չէ, մենք գիտենք, որ այսօր ՀՀ Կառավարությունը փորձում է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտն այնպիսի ծրագրերի շնորհիվ, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ազգային ինժեներական լաբորատորիաները», և այլն»:
Տեղեկացնենք, որ 2018 թվականի մարտին ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայստանում» ծրագիրը և ՁԻՀ-ը համատեղ հայտարարում են նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների երկրորդ փուլը: 2018 և 2019 թվականների ընթացքում նախատեսվում է տրամադրել ևս 9 դրամաշնորհ, որոնցից յուրաքանչյուրը՝ 35.000 եվրոյի չափով՝ 9 ամիս տևողությամբ:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 3-ը, ժամը 23:59-ը: