«Մանուշակ» մանկապարտեզում երեխայի պատանդ վերցնելու գործի նախաքննությունը ավարտական փուլում է
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին 3-ամյա երեխայի պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը:
«Այդ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Արգամ Հովիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ), 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (պատանդ վերցնելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում»,- նշել է Հովհաննիսյանը:
2017 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահել մեկ երեխայի: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Նույն մանկապարտեզում աշխատում էր պատանդառուի նախկին կինը: