«Ցանկացած երկրում՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, կան կոռուպցիոն երևույթներ». Էդուարդ Շարմազանով
«Մենք պարոն դեսպանի գնահատականները ոչ այնքան՝ որպես սուր քննադատություն ենք ընկալում, այլ՝ որպես «ջանացավ» գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն: Եվ ուզում եմ ասել, որ ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության կենտրոնում են հակակոռուպցիոն միջոցառումները և Հայաստանի հետևողական ժողովրդավարացումը: Դրա համար մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններն իրականացնել»,- այսօր խորհրդարանում լրագողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ Հայաստանում իշխանությունը չարաշահվում է, և դա մնում է ամենամեծ մարտահրավերը:
Ըստ նրա` հակակոռուպցիոն գործողությունները շարունակվելու են՝ հաշվի առնելով ամերիկացի և եվրոպացի գործընկերների փորձը: Է.Շարմազանովը նշեց, որ ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում չկան վատ երևույթներ, ինչպիսին կոռուպցիան ու մենաշնորհն են:
Նա վստահություն հայտնեց, որ ներդրվող մեխանիզմները թույլ են տալիս ավելի արդյունավետ պայքարել այդ ախտի դեմ. «Ցանկացած երկրում՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, կան կոռուպցիոն երևույթներ: Բայց որևէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան ՀՀ գործող իշխանությունները: Մենք ունենք քաղաքական կամք»: