
Ահազանգ. հայկական խնձորով բեռնված 12 մեքենա արգելափակված է Լարսում

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչները փակել են գյուղ տանող ճանապարհն ու պահանջել լուծում տալ Լարսի անցակետում իրենց բեռների արգելափակման խնդրին: Ըստ տեղեկությունների` օհանավանցիները շուրջ 12 մեքենա խնձոր են փորձում արտահանել, որն էլ արգելափակված է անցակետում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը, ռուսական կողմը օհանավանցիների կողմից արտահանվող խնձորը չի թողնում անցկացնել` պատճառաբանելով, թե այն հայկական չէ: «Խնդիրը նրանում է, որ գյուղացիները մի քանի բեռնատար խնձոր է տանում, ռուսական կողմը թույլ չի տալիս անցկացնել սահմանը` պատճառաբանելով, որ կասկածելի խնձոր է, օհանավանցիներն այդքան խնձոր չէին ունենա: Պատճառը դա է, նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել, որ իրենց հարցը լուծվի»,-ասաց Սաթենիկ Զորյանը:
Նա տեղեկացրեց, որ մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպել է գյուղացիներին, նրանք բացել են ճանապարհը, երթևեկությունը վերականգնվել է: «Մարզպետը երեկվանից խնդրով զբաղվում է, այսօր էլ գյուղացիների հետ է հանդիպել»,-ավելացրեց Սաթենիկ Զորյանը: