
ԿԽՄԿ-ն կդադարի մարդասիրական օգնություն ցույց տալ Արևելյան Գութայի բնակչությանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեում (ԿԽՄԿ) հայտարարել են, որ հարկադրված են դադարեցնել մարդասիրական օգնությունն Արեւելյան Գութայի բնակիչներին: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Նշվում է, որ կազմակերպությունն այս որոշումն ընդունել է այդ շրջանում անվտանգության իրադրության վատթարանալու պատճառով:
Սիրիայում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ Ինգա Սեդկայի խոսքով` նախօրյակին միջազգային կազմակերպության բեռնատարների շարասյունն Արեւելյան Գութա է հասցրել մարդասիրական օգնության մեծ մասը:
Նա հավելել է, որ գնդակոծումների պատճառով մարդասիրական առաքելությունն ստիպված դադարեցվել է, ԿԽՄԿ-ի աշխատակիցներին չի հաջողվել բեռնաթափել ամբողջ մարդասիրական օգնությունը: Արեւելյան Գութայում, որտեղ ապրում է շուրջ 400 հազար մարդ, մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: