«ՀՀ քաղաքացիները կարող են համոզված լինել, որ ՀԱՊԿ-ն նրանց դժբախտության մեջ չի թողնի»․ Անատոլի Սիդորով
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ հարկ եղած դեպքում ՀԱՊԿ-ն կկատարի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ՝ հիշեցնելով, որ Արցախի հանդեպ նման պարտավորություններ չունեն, քանի որ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ։
«Արցախը սուբյեկտ է, որը չի համարվում ՀԱՊԿ անդամ։ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ անդամ, և հետևաբար, այդ կազմակերպության շրջանակներում եղած բոլոր որոշումները, փաստաթղթերը վերաբերում են նաև Հայաստանին։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները կարող են համոզված լինել, որ ՀԱՊԿ-ն նրանց դժբախտության մեջ չի թողնի, եթե, Աստված չանի՝ դժբախտություն պատահի։ Բայց հուսանք, որ կան ուժեր, կազմակերպություններ, առողջ միտք, որ բանը նրան չհասնի, որ երկու ժողովուրդ, որոնք եղել են մի մեծ ընտանիքի անդամ, ապրել մի պետության մեջ, սկսենք միմյանցից մայրաքաղաք խլել»,- ասաց նա՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքների մասին հարցին։
Նա նշեց, որ ՀԱՊԿ շրջանակներում առաջին հերթին պահպանվում է պետության սուվերենությունը, նրա որոշելու իրավունքը․ «Որպեսզի մյուսների գործերին չխառնվենք, տվյալ պետությունը պետք է դիմի ՀԱՊԿ-ին։ Եվ անգամ, եթե ՆԱՏՕ-ից կամ ՀԱՊԿ-ից հեռու գնանք, ապա ՌԴ-ն այսօր Սիրիային օգնում է՝ սիրիական իշխանությունների խնդրանքով, այլ ոչ թե՝ որոշ պետությունների նման, որոնք ինքնուրույն որոշում են ընդունել և իբրև թե օգնում են Սիրիային»։