Սամվել Ֆարմանյանն առաջարկում է կասեցնել «խորհրդային տարիներից մնացած» պարգևատրումների պրակտիկան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ ՀՀ նախագահին պարգևատրման համար միջնորդություն անելու իրավունք ունեն օրենսդիր իշխանության նախագահը, ԱԺ պատգամավորը, ՍԴ նախագահը, Բարձրագույն դատական խորհուրդը և գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկեց, որ ոչ թե ԱԺ նախագահը միջնորդություն ներկայացնի, այլ՝ ԱԺ խորհուրդը. «Վստահ եմ՝ պարոն Բաբլոյանն ինձ ճիշտ կհասկանա, Ազգային ժողովի կողմից միջնորդության իրավասությունը պետք է վերապահել ոչ թե Ազգային ժողովի նախագահին, այլ՝ Ազգային ժողովի խորհրդին՝ հաշվի առնելով խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները»:
Նա նաև հայտարարեց, որ կարծում է՝ պարգևատրումների պրակտիկան պետք է կասեցվի.
«Գալու է մի օր, որ ՀՀ-ն կձերբազատվի խորհրդային ժամանակների մնացուկ հիշեցնող այս համակարգից: Ցանկացած մարդ պետության կողմից հատուկ գնահատման, պարգևատրման կարիք չունի:
Մենք հասկանում ենք, որ սա խորհրդային ժամանակներից մնացած լավագույն ավանդույթների շարունակությունն է, որն ունի իր օբյեկտիվ պատճառները, բայց ես առավել քան վստահ եմ, որ մի օր, մի ժամանակ այդ պահի իշխանությունը կդրսևորի քաղաքական համարաձակություն և գրչի մի հարվածով, ճանաչելով նախկինում բոլոր պարգևատրվածների վաստակը, ձեռնպահ կմնա այդ պրակտիկայի շարունակումից: Օրինակ, ես դժվար եմ հասկանում՝ արվեստի կամ մշակույթի ոլորտի վաստակավոր գործիչ: Մշակույթի ոլորտի վաստակավոր գործիչն ունենում է միայն անուն-ազգանուն, և վերջ»: