Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները կկանգնի դատարանի առաջ
Արգենտինայի ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն որոշում է կայացրել լսումներ սկսել 1994 թվականին Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու գործով, որում որպես մեղադրյալ է անցնում սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները:
Այդ մասին հայտնել է Դատական տեղեկատվության կենտրոնը: «Հաշվի առնելով հավաքված ապացույցները՝ դատարանը պահպանված է համարում այն պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի գործն անցնի հաջորդ փուլ»,-ասված է որոշման մեջ: Դատարանի առաջ պետք է կանգնի նաեւ արտաքին գործերի նախկին նախարար էկտոր Տիմերմանը: Գործի հարուցման համար հիմք են դարձել այն մեղադրանքները, որոնք 2015 թվականի հունվարին Ֆեռնանդես դե Կիրշների եւ Տիմերմանի նկատմամբ առաջադրել էր դատախազ Ալբերտո Նիսմանը:
Նա հիշեցրել է, որ նախորդ կառավարությունն Իրանի հետ բանակցություններ է վարել Արգենտինայի համար շահավետ առեւտրական համաձայնագրի շուրջ: Ընդ որում, ինչպես պնդել է դատախազը, համաձայնագրի պայմաններից մեկը եղել է պատասխանատվությունից հինգ իրանցիների ազատումը, որոնք Արգենտինայի կողմից հետախուզվում էին այն ահաբեկչությանը մեղսակից լինելու կապակցությամբ, որը 85 մարդու կյանք խլեց:
Այն բանից մեկ օր առաջ, երբ Նիսմանն իր ապացույցները պետք է ներկայացներ Կոնգրեսին, նրան մեռած են գտել իր բնակարանում: Գործի հարուցումից հետո Ֆեռնանդես դե Կիրշների, որն ազատության մեջ է մնում խորհրդարանական անձեռնմխելիության շնորհիվ, եւ գործի արդեն կալանավորված մյուս ֆիգուրանտների փաստաբանները գանգատարկել են Բոնադիոյի վճիռը, ինչպես նաեւ պահանջել են պաշտոնաթող անել նրան: Պաշտպանության կարծիքով, նրա որոշումները հակասում են օրենքին եւ քաղաքական դրդապատճառներ ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: