
Կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը կասեցնելու հարցը

ՀՀ կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:
Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը: