Բաժիններ՝

«ԱՄՆ-ը թույլ չի տա միջուկային զենքի հայտնվելն Իրանում». Փենս

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ելույթ ունենալով ազդեցիկ լոբբիստական կազմակերպության՝ Հասարակական կապերի գծով ամերիկա-իսրայելական կոմիտեի խորհրդաժողովում:

«ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ»,-ասել է նա: Փոխնախագահի խոսքով՝ Թեհրանը «հույս ունի վերստեղծել հին պարսկական կայսրությունը, որը կգլխավորեր արդի դիկտատորը՝ այաթոլլան»: «Իրանը ոչ միայն աջակցություն է ցուցաբերում ահաբեկչությանը, այլեւ շարունակում է մշակել բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են սպառնալ ամեն մի սանտիմետր իսրայելական հողին, սպառնալ մեր բոլոր քաղաքացիների կյանքին»,-հավելել է Փենսը:

«Կործանարար միջուկային գործարքը, որը կնքվել է նախորդ վարչակազմի կողմից, չկանխեց Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, այլ միայն հետաձգեց այն օրը, երբ ռեժիմն իր տրամադրության տակ կստանա մոլորակի ամենամահաբեր զենքը,-նշել է Փենսը:-Նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին եւ եվրոպական մեր դաշնակիցներին՝ իրապես սանձել Իրանի միջուկային ու հրթիռային հավակնությունները <…>: «Եթե առաջիկա ամիսներին միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ը դուրս կգա դրանից»: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս