
Ղազախստանը հավաստեց մարտի 16-ին ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Աստանայում

Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մարտի 16-ին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Սիրիայի խնդրի շուրջ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության արատաքին գործերի նախարարները մտադիր են Ղազախստանի մայրաքաղաքում հանդիպել 2018 թվականի մարտի 16-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են գերատեսչությունում, բանակցությունների ընթացքում մասնակիցները պլանավորում են «վերլուծել Սիրիայի իրադրության կարգավորման ուղղությամբ փոխգործակցության առաջին տարվա ընթացքում ձեռքբերված արդյունքները, ինչպես նաեւ նախանշել հետագա համատեղ գործողությունները»: Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունում, Աստանայում նախարարական հանդիպումը ծրագրվում է անցկացնել առանց դիտորդների ու սիրիական կողմերի:
«ՌԴ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը հրավիրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան»,- հայտնել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: