
«Ճգնաժամերի կարգավորման ծախսերը վերջին 10 տարում կազմել են 233 մլրդ դոլար». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Միջազգային հանրակցությունը վերջին տասը տարում 233 միլիարդ դոլար է ծախսել ճգնաժամ ապրող երկրներում մարդասիրական եւ խաղաղապահ գործունեության, ինչպես նաեւ փախստականների ընդունման համար: Մարտի 5-ին այս տվյալները հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Գլխավոր ասամբլեային ներկայացնելով իր «Խաղաղաշինությունը եւ խաղաղության պահապնումը» զեկույցը:
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը երկրներին կոչ է արել հակամարտությունների հակազդման մարտավարությունից անցնելու նոր մոտեցման, որը նախատեսում է ճգնաժամային իրավիճակների կանխման ժամանակին արված քայլեր:
Նա հիշեցրել է 2005 թվականին ՄԱԿ-ի Խաղաղաշինության հիմնադրամի ստեղծման մասին, որը ֆինանսավորում է ճգնաժամերի շեմին հայտնված երկրների կայունացման ջանքերը: Այս պահին հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմում է 250 միլիոն դոլար, եւ Գուտերիշը պետություններին կոչ է արել կրկնապատկելու այդ գումարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: