
Կատալոնիայում ժեներալիտետի ղեկավարի պաշտոնի թեկնածու են առաջադրել

Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տոռենն ինքնավար մարզի կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է Ժորդի Սանչեսին՝ քաղաքական գործչի, որն այժմ նախնական կալանքի տակ է Մադրիդի բանտում։
Անցյալ շաբաթ ինքնավար մարզի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որն իսպանական արդարադատությունից թաքնվում է Բրյուսելում, հայտարարել է, որ հրաժարվում է Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից եւ այդ տեղի համար առաջարկել է իր գլխավորած «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիայի ցուցակի երկրորդ համար Ժորդի Սանչեսին:
Նիստի օրը, որտեղ պատգամավորները կփորձեն հաստատել Կատալոնիայի կառավարության նոր ղեկավարին, առայժմ նշանակված չէ: Ժորդի Սանդեսը՝ «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության նախկին ղեկավարը, երկրորդ համարն է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ի ընտրություններում «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ցուցակում:
Նրան առաջադրվել են խռովության, ապստամբության կազմակերպման եւ պետական միջոցների ապօրինի ծախսման մեղադրանքներ: Մինչեւ գործի ըստ էության քննությունը նա գտնվում է բանտարկության մեջ՝ առանց գրավով դուրս գալու իրավունքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: