Գերակա հայտարարված ճյուղը չեզոքացնում են. «Փաստ»

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից բխող հնարավոր վնասների մասին: Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26%-ից բարձրացել է 28%-ի, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողները հարկվում են 36%-ով:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը տարեկան մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է տալիս ոլորտին:

«Ընկերությունները ստիպված են կոմպենսացնել աշխատակիցների կորուստները: Դա տեղի է ունենում այն ներքին միջոցների հաշվին, որոնք պետք է ծախսեին կրթության, վերապատրաստման, ինչպես նաեւ մարկեթինգի վրա: Այս դեպքում, սակայն, ընկերությունները ստիպված կոմպենսացնում են աշխատակիցների կորուստները, որպեսզի նրանք չհեռանան»,- ընդգծեց Կարեն Վարդանյանը:

Իսկ փոփոխությունն արդյո՞ք գերակա ճյուղ համարվող ոլորտի զարգացման համար խոչընդոտ չի լինի:

Ի պատասխան, ԻՏՁՄ գործադիր տնօրենը նկատեց. «Բնականաբար, եթե կոմպենսացնում են կրթության, մարկեթինգի հաշվին, խոչընդոտ է»:

Հարկային բեռի ավելացմամբ ոլորտի զարգացման խոչընդոտների առումով ինժեներ Սեւակ Ծատուրյանը վերջերս ստորագրահավաք սկսեց:

«Այնպիսի նպատակ դրված չէր, որ շատ ստորագրություն հավաքեինք: 5 խոշոր կազմակերպությունների աշխատակիցների մոտ 80%–ը ստորագրեց եւ հավաքվեց մոտ 1000 ստորագրություն, որոնցով ես նամակ ուղարկեցի ՀՀ կառավարություն: Մի քանի օր առաջ զանգահարեցի, ասացին, որ նամակը վերահասցեավորել են ՀՀ ֆինանսների նախարարությանը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսելով նամակում զետեղված ամենակարեւոր պահանջի ու մտահոգության մասին՝ նա ասաց. «Առհասարակ ինչո՞ւ է խնդիր առաջանում, երբ ինչ–որ փոփոխություն է լինում: Պատճառը վստահության պակասն է եւ այն, որ դրամական միջոցները ճիշտ չեն տնօրինվում: Որպես քաղաքացի՝ մենք համարում ենք, որ այն հարկերը, որ արդեն տալիս ենք, նպատակային չեն ծախսվում ու ավել գումար հավաքելն արդեն ինքնանպատակ ենք համարում: Կառավարությունը որոշակի ֆինանսական խնդիրներ ունի՝ վարկային պարտավորություններ,սոցիալական խնդիրներ եւ այլն:

Ուզում է այդ ամենը ծանրացնել միջին խավի ուսերին: Մինչեւ ընտրությունները, սակայն, կային խոստումներ, թեեւ ես դրանց չէի հավատում: Ամեն դեպքում մարդիկ խոստումներ էին տալիս, որ նոր աշխատատեղեր են բացելու, ներգաղթն են ավելացնելու, եկամուտներն են ավելանու եւ այլն: Բայց դրա փոխարեն նորից նույն պատկերն է: Հույսը միջին խավն է՝ հարկերը բարձրացնում են, որ լուծեն այդ խնդիրները:

Չկա վստահություն, որ մնացած գումարները նպատակային են ծախսվելու: Հայաստանում բնակչության ավելի քան 30% աղքատ է, եւ երկիրը կարելի է աղքատ համարել: Զուգահեռ՝ իշխանավորները նույն գումարների հաշվին ճոխ կյանքով են ապրում, թանկարժեք մեքենաներով են երթեւեկում: Այս ամենը չի համադրվում: Երբ իրենց ապրելակերպը համադրելի կլիներ ընդհանուր երկրի վիճակին, միգուցե վստահություն լիներ, եւ չլիներ նաեւ բողոք՝ հարկերի դրույքաչափերի բարձրացման համար»:

Անդրադառնալով Կարեն Վարդանյանի այն կարծիքին, թե ոլորտը տարեկան 15 միլիոն դոլարի վնաս է կրելու, Սեւակ Ծատուրյանը հավելեց. «Այդ թիվը ծանրանալու է գործատուի ու աշխատողի ուսերին: Որպեսզի գործատուն աշխատող չկորցնի, ստիպված է լինելու աշխատավարձ բարձրացնել, ինչի հետեւանքով Հայաստանում կրկին աշխատուժը թանկանալու է, մինչդեռ գլուխ ենք գովում, թե մրցակցային ենք: Այսինքն՝ գերակա հայտարարված ճյուղը Հայաստանում կամաց–կամաց չեզոքացնում են: Սպասել, թե նամակը գրեցինք, ու իրենք կհասկանան, որ սխալ բան են արել, կորոշեն, որ չեղարկում են, միամտություն կլինի:

Գոնե այս փուլի համար ճիշտ համարեցինք, որ այդ ձայնը լինի, ըստ որի՝ խնդիր կա: Մինչդեռ մի քանի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ խնդիրներ չունեին հարկային բեռի հետ: Բացի այդ՝ ուզում էինք ցույց տալ, որ մենք աշխատում ենք, հարկ ենք վճարում, բայց նաեւ հետեւում ենք իրենց աշխատանքին, եւ, որպես հարկատու ու երկրի քաղաքացի, լավ չենք գնահատում իրենց աշխատանքը: Ոչ մի տեղաշարժ չկա: Միայն ժողովներ են լինում ու հայտարարություններ հնչում, թե պետք է աշխատենք ու վերացնենք կոռուպցիան: Ոչինչ չկա, բացի նրանից, որ նորից ծանրանում է հարկ վճարող ժողովրդի բեռը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս