«ՊՆ-ում 40 մլն դրամի հափշտակությունն արվել է պատասխանատու պաշտոնյայի կողմից». Արտակ Զաքարյան
Զինված ուժերում և Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող իրավախախտումները բացահայտելու ու դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում նախարարությունը թիվ մեկ շահագրգիռ կողմն է: Այս մասին, անդրադառնալով վերջերս դատախազության կողմից բացահայտված 40 միլիոն դրամի յուրացման դեպքին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով` չի եղել մի դեպք, որը համապատասխան ընթացք չստանա: «Ցավոք, դրանք դեռևս կան, դեռևս լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նմանատիպ երևույթները, բայց, միևնույն ժամանակ, շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Շատ հաճախ մամուլում հայտնվում են տեղեկություններ, այս կամ այն զինծառայողի կամ պետական պաշտոնյայի չարաշահումների մասին՝ կապված բանակի հետ: Սա ամենօրյա աշխատանք է, որը պետք է իրականացնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք չի ուռճացնել իրավիճակը:
Նա հաստատեց, որ 40 մլն դրամի հափշտակությունն արվել է պատասխանատու պաշտոնյայի կողմից. «Մանրամասները չասեմ, որովհետև քննությունը դեռևս ընթացքի մեջ է», – ասաց Արտակ Զաքարյանը« նշելով, որ ինչը հնարավոր է վերականգնել՝ վերականգնվում է, ինչը ոչ, օրենսդրության համապատասխան վճիռները կայացվում են:
Անդրադառնալով տարբեր անհատների կողմից բանակի համար դրամահավաքություն անցկացնելու թեմային¸ Զաքարյանն ասաց¸ որ Զինված ուժերն ու ՊՆ-ն երբեք կոչ չեն արել, թե ՀԿ-ները կամ հանրությունն ինչ նախաձեռնություն ցուցաբերեն: «Դրանք տարբեր անհատների և կազմակերպությունների ցանկություններն են: Այդ ցանկությունները, եթե անհրաժեշտությունների շրջանակներում է, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց նա:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: