
«Գվարդիոլայի ղեկավարությամբ ես նորից սովորեցի ֆուտբոլ խաղալ». Թիերի Անրի

«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին պատմել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու փորձառության մասին:
«30 տարեկանում Գվարդիոլայի ղեկավարությամբ ես նորից սովորեցի ֆուտբոլ խաղալ: Այն ամենից հետո, ինչի ես հասել էի ակումբային և միջազգային մակարդակում այդ պահին, հանկարծ ես խաղն այլ կերպ տեսա: Ինձ համար բացահայտվեց դիրքային խաղի, տարածության հասկացությունը և այն, որ պետք է բոլոր ասպեկտներում նվիրվել 100 տոկոսով:
Նրան կարելի է նաև շատ խելացի անվանել, ինչը երբեմն որոշ խնդիրներ է առաջացնում: Նա այնքան շատ բան է տեսնում, ինչը կարելի է շտկել և փոխոխել, որ կարող է մեկ խաղակեսի ընթացքում 5 անգամ փոխել խաղի ռազմավարությունը: Դետալների նկատմամբ ուշադրությամբ Գվարդիոլան իրեն հավասարը չունի: Պատկերացրեք՝ ես ասում եմ ձեզ՝ «Մենք կհանդիպենք Լոնդոնում», բայց չեմ նշում հասցեն, ոչինչ: Գվարդիոլան այդպիսինը չէ: Նա հոգ կտանի հասցեի, ավտոմեքենայի, GPS-ի և մնացած ամեն ինչի մասին»,- Թիերի Անրիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը