«ՀԷԿ-երի առկայությունը չի ազդում Ողջի գետի սակավաջրության վրա». Կապանի քաղաքապետ
Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վստահեցնում է՝ Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետի գարշահոտությունը կապված չէ այնտեղ կոյուղաջրերի լցվելու հետ։
«Կապան քաղաքում ժամանակին եղել են կոյուղու հետ կապված խնդիրներ, և արտանետումներ էին լինում Ողջի գետ։ Վերջին տարիների ընթացքում բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվել։ Մինչև ջրամատակարարման և կոյուղաջրերի ցանցի հանձնումը ՀՀ կառավարությանը։
«Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ կողմից մեր ունեցած պայմանավորվածության, ինչպես նաև գրավոր պայմանագրի շրջանակներում կատարվել են ծավալուն աշխատանքներ։ Չեմ կարող բացառել, որ որևէ արտահոսք կոյուղուց դեպի գետ չկա, բայց մեծ հաշվով նման իրավիճակ Կապանում գոյություն չունի»,- վստահեցրեց քաղաքապետը։
Գետի սակավաջուր լինելը Հայրապետյանը բացատրեց տարվա եղանակով, քանի որ տարվա այս եղանակին գետը սովորաբար սակավաջուր է դառնում։
«Սակավաջրության պատճառով էլ գետից տղմահոտ է գալիս։ Դեպի գետ կոյուղուց արտանետման դեպքում արձագանքում ենք և պահանջում, որպեսզի վթարները վերացնեն»,- ասաց Կապանի քաղաքապետը և հավելեց, որ ՀԷԿ-երի առկայությունը չի ազդում Ողջի գետի սակավաջրության վրա։ Նա շեշտեց, որ նույն ջուրը պտտվում է տուրբինով, այնուհետև նորից հոսում գետ։
2017 թվականին 20 մլն դրամ է հատկացվել Ողջի գետի հերթական հատվածի մաքրման համար՝ Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարևանությամբ գտնվող կամրջից մինչև թիվ 3 հատուկ կրթահամալիրի մոտ գտնվող կամուրջը։ Քաղաքապետարանը պարբերաբար անդրադառնում է խնդրին և հետամուտ լինում, որպեսզի այն լուծվի հավուր պատշաճի։