«Արմեն Սարգսյանի ընտրությունից Ղազախստանն ու Հայաստանը միանշանակ կշահեն». Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գորիգորյանն այսօր հայ-ղազախական հարաբերությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանի և Ղազախստանի սոցիալական կյանքի բարելավման մասին առաջին հերթին պետք է իշխանությունները մտածեն։

«Ղազախստանի նախագահ Նազարբաևի «Անկախության դարաշրջան» գրքում կարմիր թելով գնում է Ղազախստանի ժողովրդի բարեկեցության հարցը։ Մենք տեսնում ենք, որ Ղազախստանում մեծ տեղ են տալիս սոցիալական բաղադրիչին։ Այս բավականին բարդ աշխարհում, այս ճգնաժամային վիճակում Ղազախստանում բարձրացրել են աշխատավարձերը, նպաստները։ Իսկ մեր ղեկավարությունն ինչքան էլ ջանում է, տեսնում ենք, որ բարդ է քաղաքացիների աշխատավարձերը կամ նպաստները բարձրացնելը»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանն  ուսումնասիրել է և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթերը, և ըստ նրա՝ այնտեղ ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթում կենտրոնում մարդն է, ինչը չի կարելի ասել ԵՏՄ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին. «Օրինակ՝ ԵՄ-ի հետ փաստաթղթում հստակ ասվում է, որ Հայաստանի շրջաններում պետք է ծրագրեր իրականացվեն, որոնք ենթադրում են նաև աշխատատեղերի ստեղծում, իսկ ՀՀ-ԵՏՄ փաստաթղթում մարդուն չես տեսնի, ինչին մենք ականատես եղանք այս տարիներին։

ԵՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենք, և այդ խնդիրները մենք տեսանք։ Դադարեցվեց փոքր առևտրաշրջանառությունը Վրաստանի, Իրանի հետ, հիմա մեր իշխանությունները փորձում են Իրանի և ԵՏՄ-ի հետ համագործակցել, որ նրանք համաձայնագիր ստորագրեն, որպեսզի մենք կարողանան Իրանի հետ էֆեկտիվ աշխատել։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի համար էր պետք մտածել այդ բարդությունները, որ հետո ստիպված լինեինք դրանցից դուրս գալ։ Բայց պետք է աշխատենք ԵՏՄ անդամ երկրների հետ»։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ԵՏՄ մոդելն ավելի հաջողված աշխատում է Ղազախստանում.  «Գլխավոր պատճառն այն է, որ Ղազախստանն ունի բավականին մեծ սահման ՌԴ-ի հետ, չի ունենում ազատ առևտրի խնդիր, բացի դրանից՝ Ղազախստանը հենց սկզբից բազմավեկտոր զարգացումն ընտրեց։ Ղազախստանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն՝ ակտիվ աշխատելով ՌԴ-ի, մուսուլմանական աշխարհի, ԵՄ-ի, Չինաստանի հետ, ինչը շատ կարևոր է»։

Նրա խոսքով՝ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման վրա դրական ազդեցություն կունենա ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը. «Արմեն Սարգսյանը երկար ժամանակ եղել է IT բիզնեսում, ինտենսիվ աշխատել է հենց Ղազախստանի հետ, և նրա ընտրությունից Ղազախստանն ու Հայաստանը միանշանակ կշահեն»։

Տեսանյութեր

Լրահոս