Բարենորոգիչները կենսական են համարում բարեփոխումներն Իրանում

2017թ. դեկտեմբերի 28-ին Իրանի Ռազավի Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում թանկացումների դեմ «Ոչ թանկությանը» կարգախոսով ծայր առան բողոքի ցույցեր, որոնք տարածվեցին նաև նույն նահանգի մի քանի այլ քաղաքներում: Թեև ի սկզբանե ցույցերը տնտեսական ու սոցիալական բնույթ էին կրում, սակայն արագորեն դրանց քաղաքական բնույթն առավել ցայտուն դարձավ:

Իսկ թե ինչո՞ւ հենց Մաշհադում և Ռազավի Խորասանում սկսվեցին ցույցերը, բարենորոգչական կողմնորոշմամբ վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները հակված են բացատրելու այստեղ կրոնական առաջնորդների խիստ հակակառավարական դիրքորոշումներով:

Նրանք առաջին հերթին մեղադրում էին Մաշհադ քաղաքի ուրբաթօրյա աղոթքների առաջնորդ,  ծայրահեղ պահպանողական հայացքներով Այաթոլա Ահմադ Ալամօլհոդային, ով խիստ դեմ է չափավորական դիրքորոշմամբ նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը: Նա նախագահական ընտրություններին պաշտպանում էր իր դստեր ամուսնուն՝ պահպանողականների գլխավոր թեկնածու Էբրահիմ Ռայիսիին: Ավելին, բարենորոգչական կողմնորոշմամբ Ազգի միասնություն կուսակցությունն ուղղակիորեն Մաշհադի ցույցերի կազմակերպիչ է համարել  և՛ Ալամօլհոդային, և՛ Ռայիսիին:

Կառավարությունը ցույցերն օրենքով թուրատրելի է համարում: Իրականում էլ Իրանի Սահմանադրության 27-րդ դրույթում նշված է. «Իսլամի հիմունքներին չհակասելու պայմանով՝ անզեն հավաքների ու երթերի կազմակերպումն ազատ է»: Սակայն փորձագետների կարծիքով՝ ցույցերի գերակշիռ մասը չարտոնված է լինում, քանի որ օրենքներն այս ոլորտում բավականին խրթին են: Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ, նախկին ՆԳ փոխնախարար Մահմուդ Միրլոհիի կարծիքով՝ գործող օրենքով արտոնված նույնիսկ մեկ հավաք անցկացնելը գրեթե անհնարին է:

Այսուհանդերձ, գլխավորապես սոցիալ-տնտեսական պահանջներով, մասնավորապես վերջին 2 տասնամյակի ընթացքում, մասնագիտական տարբեր խմբեր ու հասարակության որոշ շերտեր կազմակերպել են բողոքի ցույցեր  կոնկրետ հարցերի լուծման պահանջներով:

Իրանում բռնկված վերջին ցույցերը երկրի տարբեր հատվածներում, ավելի քան 80 քաղաքում շարունակվեցին շուրջ 10 օր: Ցույցերի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվել է 25 մարդ, և ավելի քան 3700 մարդ ձերբակալվել է, որոնց մեծ մասն ազատ է արձակվել: Այդ ցույցերն իրենց բնույթով և աշխարհագրական ծավալներով, թերևս, մի քանի առումով աննախադեպ էին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պատմության մեջ:

Նախ գլխավորապես տեղի ունեցան երկրի ողջ տարածքով մեկ՝ փոքր ու աղքատ քաղաքներում, ապա կրոնական կարգախոսների գրեթե իսպառ բացակայությամբ: Այլ կերպ ասած՝ ցույցերի մասնակիցները հասարակության աղքատ և միջին խավերի ներքին շերտերն էին: Ցույցեր, որոնք փորձագիտական և քաղաքագիտական շրջանակներում տարբեր հարթությունների վրա լուրջ քննարկումների առարկա դարձան. ովքե՞ր էին ցուցարարները, հասարակության ո՞ր շերտին էին պատկանում, տնտեսական, քաղաքական ու հասարակական ի՞նչ պահանջներ էին առաջ քաշել, արդյո՞ք դրանք կազմակերպված էին, թե՞ ինքնաբուխ էին և այլն:

Փորձագետները և քաղաքական գործիչները, տարբեր գնահատականներ տալով դրանց, հաճախ զուգահեռներ են անցկացրել 2009թ. հունիսի 15-ին նախագահական ընտրությունների  հայտարարված արդյունքների դեմ «որտե՞ղ է իմ քվեն» կարգախոսով ցույցերի հետ, որոնք քաղաքական բնույթ ունեին և հայտնի դարձան որպես Կանաչ շարժում:

Անդրադառնալով օտարերկրյա և իրանցի փորձագետների տեսակետներին՝ թերևս առավել օբյեկտիվ և որպես ներքին հայացք պետք է գնահատել բարենորոգչական կողմնորոշմամբ հանրաճանաչ քաղաքագետ, պրո‎ֆեսոր Սադեղ Զիբաքալամի տեսակետներն ու եզրակացությունները, որոնք, թերևս, կարել է համարել բարենորոգչական թևի տեսակետներ: Նա վերջին ցույցերը համարել է սոցիալ-տնտեսական ճնշումների, քաղաքական ու հասարակական ոլորտներում հուսախաբությունների հետևանք՝ նշելով, որ 2009թ. ցույցերին մասնակցում էին ուսանողներ, կրթված խավ, գրողներ, բարենորոգչական կողմնորոշմամբ քաղաքական ակտիվիստներ, այլ խոսքով՝ իսլամական հեղափոխությանն անվերապահ նվիրված մարդիկ:

Սակայն համակարգը և քաղաքական այն հոսանքը, որն իրեն հաղթող էր համարում, ոչ միայն ուշադրություն չդարձրեց միլիոնից ավելի ցուցարարների պահանջներին, առաջ քաշած խնդիրներին, այլև անտեսելով՝ ջանքերն ուղղեց ցույցերը ճնշելու վրա: Նա խիստ քննադատում է իշխանություններին՝ մասնավորապես պահպանողական թևի քաղաքականությունն այդ ցույցերի առնչությամբ:

Մատնանշելով նույն թվականի դեկտեմբերի 29-ին կառավարական միջոցներով կազմակերպված հսկայական ցույցերը՝ Զիբաքալամը նշել է, որ դրանք առասպելական անվանվեցին, քանի որ սանձահարեցին 2009թ. «խռովությունը»: Դրանից հետո նա քննադատում է նաև պետական ԶԼՄ-ներում, ուրբաթօրյա աղոթքների ժամանակ և խորհրդարանում 8 տարի շարունակ միակողմանի մեկնաբանելն ու ցուցարարներին խռովարարներ անվանելը, իբր թե դրանք թավշյա հեղափոխություն անելու նպատակ ունեին:

Այնուհետև Զիբաքալամը հավելում է, որ նրանց անվանեցին Ջորջ Սորոսի գործակիցներ, մեղադրեցին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատներից հրահանգ ստանալու մեջ՝ հայտարարելով, թե Միրհոսեյնիի օգտին քվեարկողները զղջում են և այլն: Մինչդեռ 8 տարվա ընթացքում իշխանություններն անգամ 8 րոպե ինքնապաշտպանության հնարավորություն չեն ընձեռել «խառնակիչներին»:

Քաղաքագետի շեշտադրմամբ՝ տնային կալանքի տակ գտնվող Մեհդի Քյառուբիի, Միրհոսեյն Մուսավիի ու Զահրա Ռահնավարդի խնդրանքները՝ դատավարություն կազմակերպել և փաստերով ապացուցել իրենց վերագրվող մեղադրանքները՝ խռովարար լինելը, դավաճանությունը, ԱՄՆ-ի գործակալ լինելը և այլն, որևէ մեկին լսելի չդարձավ:

Ինչպես բոլոր բարենորոգիչները, Զիբաքալամը ևս համոզված է, որ Մաշհադում բողոքի ցույցերի հեղինակը պահպանողականներ են՝ նշելով, թե ծայրահեղական պահպանողականների անառիկ ամրոց Մաշհադում բողոքի ցույցերը, ըստ երևույթին, պետք է լինեին ընդդեմ Ռոուհանիի՝ «Մահ Ռուհանիին» կարգախոսով: Սակայն նրանք չէին պատկերացնում, որ դրանց կմիանա հասարակ ժողովուրդն ու կարգախոսները կլինեն «Ոչ Լիբանան և ոչ էլ Գազա, կյանքս մատաղ Իրանին» և ընդհանրապես բռնապետության ու ողջ համակարգի դեմ:

Նա դեմ է նաև բյուջեի հաշվին տարբեր երկրներին աջակցելուն՝ ընդգծելով՝ արդյո՞ք իրանցին համաձայն է, որ իրենց գումարները ծախսվեն Սիրիայում, Եմենում և այլուր: Միաժամանակ իշխանավորներին կոչ է անում աչքերը բացել, տեսնել իրականությունը, ցույցերի առնչությամբ չկիրառել նախորդ 40 տարիների բառապաշարը և նոր խռովություն անվանել, ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային մեղադրել կամ ողջ պատասխանատվությունը գցել Ռոուհանիի վրա:

Միաժամանակ, ցույցերի կազմակերպման հարցում Զիբաքալամն արտաքին ազդեցությունը ժխտում է և երկրի ղեկավարներին հորդորում խնդիրները տեսնել ու լուծում գտնել դրանց համար: Նա Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին (ով բողոքի ցույցերի համար մեղադրել էր Սաուդյան Արաբիային) հասցեագրված բաց նամակում նշել է. «Երնեկ գեթ մեկ անգամ հրաժարվեիք Եվրոպային, սրան, նրան մեղադրելուց, դավադրության վարկածից, իջնեիք ձեր «փղոսկրյա աշտարակից» և ձեր վարած քաղաքականությունից կշտացածներին հարցնեիք, թե ինչ խնդիր ունեն, ինչից են դժգոհ և ինչու են ապստամբել: Այս դեպքում Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի և այլնի հարցն արծարծելու հարկ չէր լինի»:

Այսուամենայնիվ, նա խիստ կարևորում է երկրի կայունությունը, ուստի բարենորոգչական կողմնորոշմամբ ու հակումներով չափավորական քաղաքական գործիչներին կոչ է անում ջանք չխնայել բարեփոխումներ իրականացնելու և համակարգը պահպանելու ուղղությամբ:

Անդրադառնալով իշխանությունների տեսակետներին՝ հարկ է նշել, որ պահպանողական թևի ներկայացուցիչներն ու իշխանությունները հիմնականում հակված են ցույցերը դրսից կազմակերպված լինելու մտայնությանը և մեղադրում են մասնավորապես ԱՄՆ-ին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Այսուհանդերձ, այստեղ ևս տեսակետները միանշանակ չեն, դրանք զգալիորեն տարբերվում են, ինչը բխում է նրանց քաղաքական կողմնորոշումներից: Եթե բարենորոգիչներն առավելապես կարևորում են ներքին դրդապատճառները, ապա պահպանողականները շեշտը դնում են արտաքին գործոնի վրա:

Ցույցերը լայն արձագանք գտան միջազգային ԶԼՄ-ներում: Իսկ ինչ վերաբերում է տարբեր երկրների դիրքորոշումներին, ապա կարելի է նշել, որ դա հիմնականում համարել են Իրանի ներքին հարցը: Թերևս դա են վկայում նաև հարցի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) քննարկմանը հնչած տեսակետները: Այդ կապակցությամբ հունվարի 5-ին տեղի է ունեցել ԱԽ-ի արտահերթ նիստ, որտեղ Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննադատել են ԱՄՆ-ին հարցն ԱԽ-ում արծարծելու առնչությամբ: ԱԽ-ի մյուս անդամներն Իրանին պարզապես հորդորել են հետևել մարդու իրավունքներին: Սրանքվ սահմանափակվել է քննարկումը:

Խոսելով ցույցերի դրդապատճառների մասին՝ հարկ է նշել, որ դրանք տնտեսական ու այլ բնույթի կուտակված խնդիրներ էին, որոնք մատնանշել է նաև երկրի նախագահը: Ուստի բողոքի  ցույցերի բռնկման համար շատ բան պետք չէր: Ցույցերը սկսվեցին Մաշհադից, ինչը, թերևս, պատահական չէր, որտեղ տնտեսական խնդիրներից զատ դժգոհություններ  կան նաև մշակութային ոլորտում: Հետևաբար, եթե ծայրահեղ պահպանողականներն են հրահրել, ապա  նրանք ևս չէին կարող անտեսել այս հանգամանքը, գուցեև միաժամանակ ցանկացել են տնտեսական խնդիրներն առաջ մղելով և Ռոուհանիին մեղադրելով՝ երկրորդային պլան մղել մշակույթի ասպարեզում սահմանափակումների խնդիրը, ինչը չհաջողվեց:

Խոսելով արտաքին գործոնների մասին՝ պետք է նշել, որ դրանք կարող էին ինչ-որ տեղ նպաստող դեր ունենալ, բայց ոչ՝ որոշիչ: Անշուշտ, ցուցարարների կողմից ողջ համակարգը հարցականի տակ դնելը խիստ ցանկալի էր Սաուդյան Արաբիային, Իսրայելին և ԱՄՆ-ին: Վերջինիս՝ ԻԻՀ-ին խիստ դեմ լինելը երբեմն ինչ-որ չափով պայմանավորված է տարածաշրջանում իր ռազմավարական հիշյալ երկու դաշնակիցների դիրքորոշումներով: Երկրներ, որոնք ի սկզբանե դեմ են եղել Իրանում իշխող համակարգին և լուրջ քարոզչություն են իրականացնում այդ ուղղությամբ:

Հարկ է նշել նաև, որ ԻԻՀ-ի անկայունացումը պակաս ցանկալի չէ նաև շուրջ 80 տոկոս շիա բնակչությամբ Ադրբեջանին, որը սարսափած է հնարավոր իսլամական հեղափոխությունից: Ուստի Ալիևը ջանք ու եռանդ չի խնայում նոր օրենքներով կրոնի դերը սահմանափակելու, Իրանի հոգևորականության ազդեցությունն ու կրոնի զարթոնքն արգելակելու ուղղությամբ:  Ներկա դրությամբ, թերևս, միակ գործոնը, որը զսպաշապիկ է Բաքվի համաթուրքականության նկրտումները, Իրանի նկատմամբ տարածքային հավակնությունները չափավորելու համար, հենց իսլամի զարթոնքի հավանականությունն է, ինչին, անշուշտ, Իրանն ի զորու է նպաստել: Ահա թե ինչու, կարելի ասել, որ Բաքուն համակարգի փլուզումը ցանկացողների առաջին շարքերում է: Դժվար չէ պատկերացնել, որ եթե Աստված մի արասցե, Իրանում իրավիճակն անկայունանա, ինչպիսի ակտիվությամբ է Բաքուն տրվելու Ադրբեջանի նահանգներում տարբեր բնույթի հրահրիչ ու սադրիչ գործողությունների:

Հետևաբար, ինչպես Հայաստանի հզորությունն ու անկախությունն է համընթաց Իրանի ազգային անվտանգության շահերին, այնպես էլ վերջինիս անկայունացումն է հակասելու  Հայաստանի ազգային շահերին: Ուստի, քանի դեռ կուտակված խնդիրները չեն վերացել, ցույցերի ու հնարավոր ցնցումների սպառնալիքը չի վերանա: Այս առնչությամբ հատկանշական են պրոֆեսոր Զիբաքալամի տեսակետները, ով, ի տարբերություն արտերկրում գտնվող իրանցի փորձագետների, ովքեր դեմ են Իրանի իշխող համակարգին, խնդրի լուծումն իրավացիորեն պայմանավորում է ներքին բարեփոխումներով: Նա շեշտում է, որ թեև խիստ քննադատում է ԻԻՀ-ի համակարգը, սակայն համոզված է, որ համակարգին ուղղված ցանկացած հարված հավածում է նաև երկրին, ինչը ոչ միայն առաջընթացի չի հանգեցնի, այլև 50 տարով հետ է մղելու երկրին, ուստի այն այլընտրանք չունի:

Էմմա Բեգիջանյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ

Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս