Փայլուն թվերի օրը
Փետրվարի 28-ը տնտեսական տեղեկատվության առատության օր էր։ Խոսքը միայն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի մասին չէ։ Երեկ՝ փետրվարի 28-ին, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցը, որտեղ կար նաև երկար սպասված՝ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը։
Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն արդե՛ն իսկ հրապարակվել էր՝ 7.7%։ Ըստ այդմ, տարբեր կառույցներ և փորձագետներ փորձում էին կանխատեսել՝ ինչ մեծություն կունենա տնտեսական (ՀՆԱ-ի) աճը։ Մեկը կանխատեսում էր 6,4%, մյուսը՝ 6,7 կամ 7%։ Սակայն փայտացի ցուցանիշը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Ըստ ԱՎԾ զեկույցի՝ ՀՆԱ-ի (կամ տնտեսական) իրական աճը 2017թ. կազմել է 7.5%։ Նշենք, որ սա ետճգնաժամային շրջանում արձանագրված ամենաբարձր աճն է։ Վերջին 10 տարվա ընթացքում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2012թ.՝ 7.2%։ Իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի բարձր աճ եղել է 2007թ.՝ 13.7%։
Հիշեցնենք, որ կառավարությունն ի սկզբանե 2017թ. համար կանխատեսում էր 3.2% տնտեսական աճ, հետո վերանայվեց՝ 4.3%, իսկ դեկտեմբերին արդեն բանավոր ելույթներում հնչում էր 6-7% կանխատեսումը։ Շատ ավելի անհարմար վիճակում են միջազգային կառույցները, որոնք մինչև հունվար ամիսը կանխատեսում էին առավելագույնը 3,8% տնտեսական աճ։ Ստացվում է՝ նրանք կրկնակի սխալվել են և հարմար առիթի դեպքում կհիմնավորեն, թե ինչպես փաստացի աճն այդքան շեղվեց կանխատեսումից։
Վերադառնալով թվերին՝ տեղեկացնենք, որ ընթացիկ գներով՝
ՀՆԱ-ի ծավալը 2017թ. կազմել է 5 տրլն 580.1 մլրդ դրամ։ ՀՆԱ-ի հավելաճին ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 5,3 տոկոսային կետի չափով։ Արդյունաբերությունը (ներառյալ՝ էներգետիկան) տնտեսական աճին նպաստել է՝ 1.8, շինարարությունը՝ 0.2 տոկոսային կետով։ Միայն գյուղատնտեսության ոլորտն է բացասական ազդեցություն ունեցել ՀՆԱ-ի հավելաճի ցուցանիշի վրա՝ -0.6 տոկոսային կետի չափով։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017 թվականին կազմել է 1 872 837 դրամ կամ 3880 ԱՄՆ դոլար։
ԱՎԾ-ն հրապարակել է նաև այլ՝ ավելի մանրամասն ցուցանիշներ 2017թ. համար (աշխատավարձ, զբաղվածություն և այլն), որոնց դեռ կանդրադառնանք։ Կան ցուցանիշներ, որ կհրապարակվեն ավելի ուշ՝ գործազրկության մակարդակ, աղքատության մակարդակ, օտարերկրյա ներդրումներ և այլն։
Սակայն երեկ հրապարակվել է ևս մեկ զեկույց՝ 2017թ. իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը, արդեն ՀՀ կառավարության կողմից։
Խոսքը, հիշեցնենք, կառավարության խոստման մասին էր՝ 2017թ. իրականացնել 830-840 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։ Կառավարությունը ներկայացրել է ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների հաշվետվություն: Այստեղ ևս գերակատարում կա. ըստ հաշվետվության՝ խոստացված 830-840 մլն դոլարի փոխարեն՝ իրականացվել է 856.5 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։
Դրանց մեծ մասը՝ 68%-ը, իրականացվել է մասնավոր ընկերությունների միջոցներով։ Ներդրումային ծրագրերի 19%-ը՝ մոտ 154 մլն դոլար, իրականացվել են օտարերկրյա վարկերի հաշվին։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվել է ներդրումային ծրագրերի 4%-ը, համայնքային բյուջեների հաշվին՝ 3%։ Ներդրումային ծրագրերի 6%-ն էլ իրականացվել է դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։
Ինչ վերաբերում է ըստ առանձին գերատեսչությունների համակարգման ոլորտների բաշխվածությանը՝ ամենամեծ ծավալի ներդրումային ծրագրերը բաժին են ընկնում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ 293.6 մլն դոլար: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության «տիրույթում» իրականացվել են 175,2 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի՝ 99,1 մլն դոլար, և այլն։
Սակայն սա էլ ամենը չէ։ Ըստ զեկույցի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների աջակցությամբ մարզերում իրականացվել են ևս 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր։ Դրանց մեծ մասը՝ 154.8 մլն դոլարը, բիզնես ներդրումներ են։
Մի խոսքով, լիքը փայլուն ցուցանիշներ։
Սակայն, ինչպես և կարելի էր սպասել, հասարակությանն այս թվերը նույնքան չեն ոգևորում, որքան պաշտոնյաներին, և կասկածներ են հնչում դրանց արժանահավատության վերաբերյալ։
Նախ՝ տնտեսական աճի մասով։ Գաղտնիք չէ, որ հասարակության մի զգալի մասը չի զգում ռեկորդային աճի դրական էֆեկտը։ Հակառակը՝ 2017թ. առավել խոցելի խավերի համար «յոլա գնալը» դժվարացել է՝ հաշվի առնելով գների աճը։ Այդ իսկ պատճառով, արդեն երեկ սոցիալական ցանցերում քննարկումներ էին գնում՝ ինչպե՞ս կարող է 7,5% աճ լինել, լայնամասշտաբ ներդրումներ, և հասարակությունը դրա ազդեցությունը չզգա։ Ասենք, որ հնարավոր է, սակայն դա առանձին հոդվածի նյութ է։ Ամեն դեպքում, արդեն կարելի է սպասել, որ քննադատության թիրախում հայտնվելու է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «թվեր նկարելու» համար։ Մյուս կողմից՝ ԱՎԾ-ի մոտ այդ հարցում արդեն պետք է իմունիտետ ձևավորված լինի։ Այս կառույցին «թարս աչքով» են նայում և՛ լավ, և՛ վատ ցուցանիշների ժամանակ։
Ինչպես երեկ ԱԺ-ում «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անկեղծացավ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ տնտեսությունը 14.1 տոկոսով անկում ապրեց, «որի ժամանակ ինձ որևէ նախարար աչքով աչք չուներ տեսնելու, որովհետև դա վատ լուր էր նաև նրանց համար, հասկանալի էր»:
Իրականում ի՞նչ արժեք ունի 7,5%-անոց տնտեսական աճը։ Այս պահին միանշանակ դժվար է ասել։ Նախ պետք է սպասել, մինչև հրապարակվի գործազրկության ցուցանիշը, որպեսզի հասկանանք՝ ինչպես է աճը նպաստել զբաղվածության ավելացմանը։ Հետո՝ ավելի ուշ, պետք է սպասել աղքատության մակարդակի և եկամուտների/սպառման անհամաչափությանը վերաբերող տվյալներին, որպեսզի հասկանանք՝ տնտեսական աճը որքանո՞վ է լավացրել մարդկանց կյանքը։ Ինչ խոսք, դրանց նկատմամբ էլ վստահությունը մեծ չի լինի, քանի որ յուրաքանչյուրը տնտեսական վիճակի մասին դատողություններ անում է ի՛ր տեսանկյունից։ Սակայն դա էլ նույնպես մեկ այլ՝ առավել ծավալուն և խորքային վերլուծության թեմա է։