«Արևմտյան Բալկանների տեղը Եվրամիությունում է». Յունկեր
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Արեւմտյան Բալկանների երկրներին կոչ է արել ավելի շատ զբաղվել Եվրամիությանն անդամակցելու չափանիշների կատարմամբ, քան մտածել անդամակցելու ժամկետների մասին: Սոֆիայում ելույթ ունենալով տարածաշրջանի երկրներ կատարած այցի արդյունքերի շուրջ՝ Յունկերը հիշեցրել է, որ 2014 թվականին լիազորություններն ստանձնելիս ինքը ԵՄ-ի ընդլայնման հնարավորությունը բացառել է մինչեւ ԵՀ-ի ներկայիս կազմի մանդատի ավարտվելը՝ մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 1-ը։
«Դա դժգոհության է հանգեցրել տարածաշրջանում, եւ ես պետք է ճշտեի Արեւմտյան Բալկանների տարածաշրջանի եւ Եվրոպայի միջեւ մերձեցումն արագացնելու իմ մտադրությունը, լրջորեն եւ վստահության արժանի ձեւով ուսումնասիրեի ոմանց թեկնածուի եւ մյուսներին անդամակցման կարգավիճակի տրամադրումը՝ ամենավաղը 2025 թվականին՝ բոլոր պայմանների կատարման դեպքում»,-հայտարարել է ԵՀ-ի նախագահը, որի ելույթը հեռարձակում էին Եվրահանձնաժողովի ծառայությունները: Նա նշել է, որ տարածաշրջանի երկրներ այցի արդյունքներով հանձնառու է մնում այդ երկրների եվրոպական հեռանկարին:
«Ես վերադառնում եմ Բրյուսել այն համոզվածությամբ, որ Արեւմտյան Բալկանների տեղը Եվրամիությունում է»,-ասել է Յունկերը: Նրա խոսքով՝ «անդամակցումն իրականություն է, որը կգա»: Ընդսմին նա նշել է, որ «անդամակցման պայմանների շուրջ զիջումներ չեն կարող լինել»: «Դա չի համապատասխանում ո՛չ Արեւմտյան Բալկանների, ո՛չ Եվրամիության շահերին»,-հավելել է ԵՀ-ի նախագահը:
Արեւմտյան Բալկանների երկրներ ասելով ԵՄ-ն նկատի ունի ոչ միայն Ալբանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, Մակեդոնիան, Սերբիան եւ Չեռնոգորիան, այլեւ Կոսովոն: Նրանցից ԵՄ-ին անդամակցելու թեկնածուներ են՝ Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան եւ Չեռնոգորիան, ընդ որում՝ Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ արդեն բանակցություններ են ընթանում անդամակցության շուրջ: Բոսնիան եւ Հերցեգովինան իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն սպասում է 2016 թվականի փետրվարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: