Լևոն Մկրտչյանը՝ Շիրակի համալսարանի «քաոսային» իրավիճակի մասին. «Ճիշտ կլինի, որ մենք փորձենք հանգստացնել իրավիճակը»
«Պարոն Մկրտչյան, Դուք երևի տեղյակ եք այն քաոսային իրավիճակի մասին, որ կա Շիրակի համալսարանում»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Շիրակի համալսարանում ռեկտորի կամայականության արդյունքում՝ ոչնչանում է գրադարանային ֆոնդի մի հսկա մասը, գրքերն ուղղակի թափված են փողոցում, մարդկանց են աշխատանքից ազատում, դասախոս է հացադուլ անում, ուսանողներն են դասադուլ անում. «Դուք անձամբ այդ մարդուն կնշանակեի՞ք Շիրակի համալսարանի ռեկտոր»:
Ի պատասխան՝ Լ. Մկրտչյանն ասաց. «Ես անձամբ որևէ ռեկտոր չէի նշանակի, որովհետև դա այն կարևոր պաշտոնն է, որը պետք է ընտրվի: Համաձայն եմ ձեզ հետ, որ դա շատ կարևոր պաշտոն է: Մենք խնդիր ունենք հավասարակշռելու համալսարանական ղեկավարման համակարգը:
Ինձ տարբեր նամակներով փորձում են ներգրավել վեճի մեջ, երբեմն՝ անգամ վիրավորական կոչերով: Գտնում եմ, որ կա համալսարան, ինքն աշխատում է, ունի խորհուրդ: Առաջիկայում լինելու է Գյումրիի համալսարանի մեծ խորհուրդը, ես այնտեղ կմասնակցեմ, ու կմասնակցի նաև խորհրդի նախագահը, և բոլոր հարցերին կարող ենք պատասխանել: Ճիշտ կլինի, որ մենք փորձենք հանգստացնել իրավիճակը»: