«Թուրքիան հայտնվել է փաստացի մեկուսացման մեջ». Վարդան Ոսկանյան
Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ
– Պարոն Ոսկանյան, իրավիճակը Սիրիայում բավականին լարված է, և թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 30-օրյա զինադադարի մասին բանաձև ընդունեց, բայց Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է քրդերի դեմ պայքարը, գերտերություններն էլ ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետության» դեմ պայքարը շարունակելու վերաբերյալ հայտարարություններ են անում։ Այս իրավիճակն ինչի՞ կհանգեցնի։
– Ըստ էության, մենք գործ ունենք մի գործընթացի հետ, երբ Սիրիայի երկու կետում ընթանում են բավական թեժ գործողություններ։ Խոսքը Դամասկոսի արվարձան համարվող Արևելյան Ղուտայի մասին է, որտեղ սիրիական կառավարական ուժերը պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ, և որի շուրջ կա որոշակի տեղեկատվական աղմուկ՝ համեմված ապատեղեկատվությամբ առ այն, որ սիրիական կառավարական ուժերն այդտեղ կիրառում են անթույլատրելի զինատեսակներ, բայց իրականում գործ ունենք պետականամետ միավորների՝ ահաբեկիչների դեմ ուղղված պայքարի հետ։ Ինչ վերաբերում է ԱՖրինին, ապա այնտեղ թուրքական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակն է բավական անհանգստացնող։
Եթե փորձենք վերլուծել ներկայիս իրավիճակը, ապա ակնհայտ է, որ չնայած գրանցած չնչին հաջողություններին, թուրքական կողմը խրվել է ռազմական գործողությունների ճահճում, և Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևը ցույց է տալիս բավական լուրջ դիմադրություն։
Եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ փաստացիորեն քրդերը դաշինքի գնացին Դամասկոսի կենտրոնական իշխանությունների հետ՝ ձևավորելով համասիրիակական ճակատ՝ թուրքական ներխուժման դեմ (նաև իրանական աջակցությամբ է այդ ճակատը ձևավորվել, նաև որոշակի աջակցություն է տրամադրում այդ ճակատին ռուսական կողմը), ապա ակնհայտ է, որ Թուրքիայի գործերը տարածաշրջանում լինելու են բավական բարդ։ Այս ամենը հանգեցրել է նաև կարճաժամկետ դաշինքների խարխլմանը։ Սիրիական հիմնախնդրի վերաբերյալ որոշակի համաձայնություններ կային Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, բայց հիմա, ըստ էության, այդ համաձայնությունները չեն իրականացվում։ Հատկապես իրանաթուրքական հարաբերություններում ակնհայտ է զգալի տարաձայնությունների առկայությունը։ Այդ տարաձայնությունները հանգեցրել են թուրք-իրանական հասակությունների՝ սիրիական խնդրի վերաբերյալ։ Նաև շատ կարևոր է, որ այդ հակասությունները սրվել են հենց քրդական խնդրի շուրջ։
Երկրորդ ճակատը, որտեղ Թուրքիան և Իրանը որոշակի համաձայնությունների էին եկել, Իրաքի հյուսիսում Քրդստան ստեղծելու համատեքստում էր, հիմա Իրանը, հորդորելով քրդերին դաշինքի գնալ Դամասկոսի հետ, ըստ էության, ձեռք է բերել նաև դաշնակիցներ։ Իրանի ընկալումը քրդերի շրջանում դրական է, և այս իմաստով իրանցիները ոչ միայն կառավարում են իրավիճակը Սիրիայի ներսում, այդ թվում՝ Աֆրինում, այլ նաև ստացել են լուրջ դաշնակիցներ Թուրքիայում՝ ի դեմս այն քրդերի, որոնք պայքարում են Էրդողանի վարչակարգի դեմ սեփական իրավունքների համար։
– Այսինքն՝ Թուրքիայի գործողությունները հենց իր դե՞մ են շրջվում։
– Ըստ էության, այնպես է ստացվում, որ Թուրքիայի գործողությունները ոչ միայն չեն հանգեցրել հաջողությունների, այլ նաև խարխլել են տարածաշրջանային այն փխրուն կայունությունը, որը ձևավորվել էր Թուրքիա-Ռուսաստան-Իրան համաձայնությունների արդյունքում։ Այդ համաձայնությունների խախտման հետևանքով Թուրքիան հայտնվել է փաստացի մեկուսացման մեջ։ Մյուս կողմից էլ՝ սրան պետք է գումարել թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը՝ կապված Աֆրինի գործողության հետ։ Եթե այս ամբողջ համատեքստն ի մի բերենք, ապա ակնհայտ է, որ Թուրքիան միայնակ է մնացել Սիրիայում իր ներխուժման հետ, և դեռևս հայտնի չէ, թե այդ ներխուժումն ինչպիսի արդյունքներ կունենա։
– Կարծիքներ կան, որ Իրանը կարողացավ իր ազդեցությունն ուժեղացնել Մերձավոր Արևելքում և դրանով կարծես թե հնարավորություն է ստեղծում իր համար՝ շիայական գոտու միջոցով դուրս գալ դեպի Միջերկրական ծով։ Դուք ի՞նչ կասեք այս մասով։
– Ակնհայտ է, որ Իրանը պարբերաբար և վստահ քայլերով Մերձավոր Արևելքում գնում է գերակայության, և այդ գերակայությունն այժմ էլ կա։ Թեև հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, բայց, ըստ էության, իրանցիները Սիրիայում զբաղեցրել են առաջատար դիրքեր։ Նրանք ունեն բավական ամուր դիրքեր Լիբանանի ներսում՝ ի դեմս իրանամետ դիրքորոշում ունեցող նախագահ Աունի, մյուս կողմից էլ՝ «Հիզբալլահի», որը նաև իրանական աջակցությամբ ներկա է սիրիական մարտադաշտերում։ Եթե խոսքը վերաբերում է Իրաքին, ապա Իրաքում ևս իրանական ազդեցությունը գրեթե անսահմանափակ է։ Իրանական ազդեցությունը չափազանց հզոր է Եմենում, իրանական ազդեցությունը չի կարելի չնկատել Աֆղանստանում և Պարսից ծոցի որոշ երկրներում, այդ թվում՝ Բահրեյնում, որի մասին շատ քիչ ենք խոսում։
Չեմ կարծում, թե իրանցիները գնում են դավանական հակասությունների ուղիով, այսինքն՝ իրանցիներն իրենց գործողությունները թեև շատ դեպքերում իրականացնում են՝ տեղում շիաների աջակցությամբ, բայց իրենց գործողությունները բացառապես չեն պայմանավորում շիայականության գործոնով։ Եվ Իրանն ունի տարածաշրջանում գերտերության հազարամյա ավանդույթներ։ Իրականության մեջ, պատկերավոր ասած՝ դարձ է՝ ի շրջանս յուր. Իրանը վերագտնում է իր բոլոր այն դիրքերը, որոնք ունեցել է պատմականորեն, և իրանական ներկայությունը մերձավորարևելյան տարածաշրջանում կայունության ամենակարևոր գործոններից մեկն է։
– Նման իրավիճակում Հայաստանի անելիքները որո՞նք պետք է լինեն. կարծիքներ կան, որ հնարավոր է՝ խնդիրն ընդլայնի իր աշխարհագրությունը, և Հայաստանը պետք է զգոն լինի։
– Ես չեմ կարծում, թե թուրքական ներխուժումը Աֆրին ուղղակիորեն պետք է առնչվի Հայաստանի կամ հայկական շահերի հետ։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող ոչ ամեն բան է մեզ հետ կապված, և ոչ ամեն բան կարող է վտանգներ պարունակել մեզ համար։ Խնդիրն այնքանով է հետաքրքիր մեզ համար և այնքանով է առնչվում ՀՀ շահերին, որ մենք Սիրիայում ունենք հայ համայնք և բարեկամական հարաբերություններ Սիրիայի պետության հետ։ Այս իմաստով ակնհայտ է, որ այդ տարածաշրջանում իրականացվող ցանկացած գործողություն կարող է առնչվել մեր շահերին։
Մյուս կարևոր հանգամանքն էլ կա. կոնկրետ Աֆրինի պարագայում մենք գործ ունենք համասիրիական, բայց այդ համասիրիականությունը ներկայացնող քրդերի պայքարի հետ՝ ընդդեմ Թուրքիայի, և այս համատեքստում քրդերը կարիք ունեն լրատվական աջակցության, ինչը կարող են տրամադրել հայկական ԶԼՄ-ները, հայկական հասարակական և մարդասիրական կազմակերպությունները։ Աֆրինի այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել թուրքական զինված ուժերը և նրանց դաշնակիցները, ըստ էության, ահաբեկչական կառույցից ոչնչով չտարբերվող սիրիական ազատ բանակը, մատնվել են նաև մարդասիրական ճգնաժամի։ Հետևաբար՝ այդ խնդիրների ներկայացումը նաև հայկական ԶԼՄ-ներով, կարող է լուրջ նպաստ բերել հայ-քրդական հարաբերություններում կամուրջ ստեղծելու առումով։
Այդ հարաբերությունները կարևոր են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրդերը մերձավորարևելյան տարածաշրջանում գործոն են։ Կապեր չունենալ այդ գործոնի հետ, չփորձել որոշակի կամուրջներ հաստատել, հատկապես՝ քրդական այն ուժերի հետ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի շահերի տեսանկյունից, կարծում եմ՝ բացթողում կլինի։