
«Ես երդվում եմ կռվել քեզ և «Արսենալի» բոլոր երկրպագուների համար». Էլ-Նենին՝ արտասվող փոքրիկ երկրպագուին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենին խոստացել է թիմի փոքրիկ երկրպագուին, որ թիմը կվերադառնա էլ ավելի ուժեղ՝ Լիգայի գավաթի եզրափակչում ջախջախիչ պարտություն կրելուց հետո:
Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնցիները պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին» (0:3):
3:0 հաշվից հետո էկրաններին երևացել էր մի տղա, ով արտասվում էր: Մի շարք բրիտանական լրատվամիջոցներ մեղադրեցին հեռարձակումն իրականացնողներին տղային այդ ծանր պահին նկարահանելու համար:
«Լսիր, քո արցունքները շատ թանկ են բոլորիս համար: Ես երդվում եմ կռվել քեզ և «Արսենալի» բոլոր երկրպագուների համար: Մենք կկռվենք, որ քո դեմքին միայն ժպիտ լինի»,- գրել է եգիպտացի ֆուտբոլիստն իր թվիթերյան միկրոբլոգում:
Սիրարփի Աղաբաբյան