«Խորհրդարանում ներկա քաղաքական բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, կողմ են տարածքային ցուցակները հանելուն». Նաիրա Զոհրաբյան

«Մենք առաջարկում ենք վերացնել ռեյտինգային ընտրակարգը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա պնդեց, որ այս ընտրակարգով հաջորդ ընտրությունների գնալը նշանակում է ունենալ հերթական «այլասերված» ընտրությունները.

«Երբ մեր գործընկերները նշում են քաղաքական կոնսեսուսի մասին՝ նշելով դրա կարևորությունը, ես կարող եմ նշել, որ մենք այսօր ունենք քաղաքական կոնսենսուս ռեյտինգային ցուցակները վերացնելու հարցի շուրջ: Խորհրդարանում ներկա բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, կողմ են տարածքային ցուցակները հանելուն: Մենք ցանկացած քննարկման համար բաց ենք»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ սա այն կարևորագույն հարցերից մեկն է, որը համաձայնեցված կարող է բերվել Ազգային ժողով. «Մենք այս պահին չունենք այդ համաձայնությունը և վստահ ենք, որ չի անցնելու: Մենք չենք համարում, որ սրանով հարցը պետք է համարել փակված, մենք պետք է շարունակենք  համաձայնության հասնելու գործընթացը: Մենք գտնում ենք, որ այս համակարգը, որը գործում է, հակաժողովրդավարական է, սա պետք է փոխվի»:

Կարդացեք նաև

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու. «Մենք մինչև 2022 թվականն ունենք բավականին ժամանակ, բնական է, մենք պետք է անդրադառնանք Ընտրական օրենսգրքին, և այդ ժամանակ մեր գործընկերները կարող են իրենց մտահոգությունները հայտնել: Այժմ ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում այս հարցի քննարկումը, և մենք դեմ ենք քվեարկելու»:

«Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը չընդգրվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:

Տեսանյութեր

Լրահոս