«Շախմատային թագի հետևից». Հավակնորդների մրցաշարի ֆավորիտը բազմափորձ Լևոն Արոնյանն է. Սերգեյ Կարյակին
Մի քանի օր անց շախմատասերի ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: 8 մասնակիցների շարքում է նաև Ռուսաստանի երեք ներկայացուցիչներից մեկը` Սերգեյ Կարյակինը: Նա հավակնորդների մրցաշարից առաջ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:
-Ինչպիսին կարող են լինել սպասելիքները մի գրոսմայստերի մոտ, ով արդեն մեկ անգամ հաղթել է Հավակնորդների մրցաշարում: Իհարկե, ես ուզում եմ հաջողության հասնել: Սակայն հաղթել հավակնորդների մրցաշարում երկու անգամ անընդմեջ կլինի շատ դժվար: Իմ 7 մրցակիցներից յուրաքանչյուրը կարող է տիրանալ աշխարհի չեմպիոնի մրցախաղի ուղեգրին:
-Ովքե՞ր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:
-Կարծում եմ հավակնորդների մրցաշարի ֆավորիտ բազմափորձ Լևոն Արոնյանն է: Նա շատ է ցանկանում հաղթել: Սա Լևոնի կյանքի երազանքն է: Նա բազմիցս խաղացել է հավակնորդների մրցաշարում և միշտ էլ մրցաշարի հիմնական ֆավորիտն էր: Հիշում եմ, որ նա վստահ գլխավորում էր Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարի մրցաշարային աղյուսակը: Սակայն երբեմն Լևոնի մոտ տեղի են տալիս նյարդերը: Գուցե դա նրանից է, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում: Չեմ անտեսի նաև Մամեդյարովին, ով հրաշալի տարի անցկացրեց: Շատ բանի մասին է խոսում այն, որ Շախրիյարը հիմա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ համարն է:
-Ինչպիսի՞ նախապատրաստական փուլ եք անցնելու:
-Հավաքներ, հավաքներ և էլի հավաքներ: Իմ թիմում փոփոխություններ կան` այժմ համագործակցում եմ Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նա հրաշալի մասնագետ է: Նա միացել է իմ թիմին:
-Ինչպիսի՞ հակառակորդ է ձեզ համար Լևոն Արոնյանը:
-Մեր պարտիաները միշտ էլ անցնում են հետաքրքիր պայքարում: Առաջ Լևոնն ինձ հաճախ էր «հարվածում», սակայն հիմա ես նաև հակահարվածներ էլ եմ տալիս: Մենք հրաշալի պարտիա ունեցանք Լոնդոնի հավակնորդների մրցաշարում, որտեղ հաղթած դիրքում ես համաձայնեցի ոչ-ոքիի: Այնպես որ, Լևոնն ինձ պարտք է (ծիծաղում է):
Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի