«Հաղթել պատերազմում ավելի հեշտ է, քան՝ խաղաղության մեջ». Ալեքսանդր Իսկանդարյան
Այսօր՝ փետրվարի 26-ին, Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ասել է, որ այս օրերին ԱՀ տարբեր հաստատություններում, կրթօջախներում ընթանում են Արցախի ազգային-ազատագրական պայքարին, Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնք շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր խոսքում նշել է, որ քաղաքականությունը գիտություն է, որը զբաղվում է քաղաքական գործընթացների վերլուծություններով:
«Ես առաջին անգամ եղել եմ Արցախում 30 տարի առաջ՝ հավանաբար փետրվարի 25-ին կամ 26-ին, երբ Մոսկվայից եկել եմ Երևան, այնտեղից էլ` Ստեփանակերտ: Դրանից հետո ես երբևէ չեմ եղել Ղարաբաղում: 1988 թվականին առավելագույնը, որ եղավ, դա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի միացումն էր Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությանը առանց այն տարածքների որոնք եղել են կազմում՝ առանց Լաչինի, Քելբաջարի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի տարածքների: Մեկ այլ հարց էր, որ մարդիկ հավատում էին, որ դա իրագործելի է: Այն ժամանակ նպատակը եղել էր, որպեսզի երկու հայկական հանրապետությունները դառնային մեկ՝ այսպես կոչված ադմինիստրատիվ հանրապետություն:
Այսօր էլ կարելի է խոսել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարության՝ դեռևս բավարար մակարդակի վրա չգտնվելը, զինված ուժերի՝ կազմավորված չլինելը, կոնֆլիկտի՝ վերջնակաապես չլուծված լինելը, կոռուպցիան, նյութական միջոցները և այլն: Պետք է հասկանալ ինչ ունենք մենք, և ինչ ունեինք 30 տարի առաջ: Մենք ունենք երկու հանրապետություն, որոնցից մեկը ճանաչված չէ, սակայն կատարում է բոլոր գործառույթները: Երկու հանրապետություններն էլ ունեն բանակ՝ ավելին այնպիսի բանակ, որը պահպանում է իրավիճակը սահմանին՝ հաշվի առնելով հակամարտությունը»,- ասել է Ա. Իսկանդարյանն՝ ավելացնելով, որ ներկայումս ժողովրդավարությունը մեզ մոտ դեռևս ունի պահանջներ:
Քաղաքագետի խոսքով՝ 1988-ին ստեղծված իրավիճակը հող նախապատրաստեց պետականաշինության գործխընթացի համար:
«Իրավիճակ, որը հնարավորություն էր տալիս վերականգնվելու: Հաղթել պատերազմում հաճախ շատ ավելի հեշտ է, քան հաղթել խաղաղության մեջ: Կառուցել բարգավաճ և այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի ամբողջ հասարակության համար, և որպեսզի մարդիկ, ովքեր ապրում են այդ հասարակության մեջ, լինեն վստահ: Սա այդքան էլ հեշտ առաջադրանք չէ: Առաջադրանքի պատասխանատվությունը տանում է նրան, որպեսզի կառուցվեն մեխանիզմներ, այդ թվում՝ դեմոկրատիա»,- մասնավորապես նշել է Ա. Իսկանդարյանը:
Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ և այլք: