Հավանության է արժանացել նաև «Շիրակ» հյուրանոցի շենքի վերականգնման նախագիծը
Ըստ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Շիրակի մարզը 2017 թվականին մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հարցում արձանագրել է աննախադեպ բարձր կատարողական` մոտ 96 տոկոս:
Մշակվել և կառավարությանն է ներկայացվել մոտ 15 ներդրումային ծրագիր: Դրանցից ֆինանսավորվել են 2-ը, որոնցից մեկը` 100 մլն դրամ արժողությամբ, մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: Խոսքը Գյումրու «Մարզամշակութային կենտրոնի» մասին է: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը:
Հավանության է արժանացել նաև «Շիրակ» հյուրանոցի շենքի վերականգնման` «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրը, որի իրականացման արդյունքում կստեղծվի 100-150 աշխատատեղ:
«2016-ի համեմատ՝ կապիտալ շինարարության ծավալները 2017 թվականին աճել են մոտ 70 տոկոսով: Մշակվել է մարզի զարգացման 2018-2025 թթ. ռազմավարությունը, որտեղ հստակեցվել են մարզի զարգացման ուղղությունները: ԵՄ հայաստանյան պատվիրակությունը հաստատեց, որ Շիրակը լինելու է ԵՄ ծրագրերի կիզակետում: Մեկ կարևոր հանգամանք ևս, խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցան առանց ցնցումների և խնդիրների»,- ասում է Արթուր Խաչատրյանը:
Մարզպետն անդրադառնալով մարզպետարանի կողմից մշակված զբոսաշրջության զարգացման հայեցակարգին` ընդգծում է այս բնագավառի կարևորությունն ու առաջնահերթությունը.
«Հայեցակարգը մենք մեր ուժերով ենք մշակել, իհարկե, հաշվի ենք առել մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակը, տեղական տուրիստական գործակալությունների ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները»:
Արթուր Խաչատրյանը բոլորին հորդորում է ուշադրության կենտրոնում պահել առողջապահության և սոցիալական բնագավառները.
«Առողջապահության կամ սոցիալական ծառայությունների գործունեության վերաբերյալ ցանկացած հարց կամ բողոք հորդորում եմ անմիջապես ինձ ներկայացնել, ցանկացած խնդիր մեր անմիջական ուշադրության և վերահսկողության տակ է լինելու»:
Անդրադառնալով մարզում՝ ոլորտներում իրականացված ծրագրերին, Ա.Խաչատրյանը նշում է, որ մարզի 2017 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետի գործունեության մասին հաշվետվությունը, ինչպես նաև 2018 թվականին նախատեսված միջոցառումների ծրագիրը հրապարակված են մարզպետարանի պաշտոնական կայքում և հասանելի փաստաթղթեր են բոլորի համար:
Անահիտ Սիմոնյան