«Որևէ գերտերություն չի աջակցի Ադրբեջանին պատերազմի վերսկսման դեպքում». Կոնստանտին Զատուլին
Չնայած պաշտոնական Երևանը Զանգեզուրը և Երևանը «վերադարձնելու» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչերը զառանցանք է որակում, ադրբեջանական կողմը Ղարաբաղյան հակամարտության գոտում ամիսներ շարունակ պահպանվող հարաբերական «խաղաղությունը» սահուն կերպով փոխակերպում է լարման` ինտենսիվացնելով կրակահերթերը շփման գծում ու պատերազմի սպառնալիքները մամուլում` չմոռանալով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և հայկական կողմերի դիրքորոշումների մասին:
Այս կոնտեքստում ուշագրավ էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունը:
Պաշտոնյաների շփումների ընթացքում, որի ժամանակ քննարկվել է ճակատային գծում ներկայիս իրավիճակը, Հասանովն ասել է, թե բանակցային գործընթացը նախկինի պես մնում է անարդյունք։ «Երբ ճակատային գծում երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց, պատերազմը կարող է ցանկացած պահի վերսկսվել»,- ասել է Հասանովը:
Նաև հավելել էր. «ԼՂ հակամարտության հետևանքների հետաքննությամբ զբաղվելու փոխարեն՝ ավելի լավ կլիներ, եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեին այդ հակամարտության պատճառների արմատական վերացման ուղղությամբ»: Հասանովի հայտարարությանը հետևեց փետրվարի 22-ի լուրն այն մասին, որ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Եղոյանը:
«168 Ժամի» հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը պարզաբանեց, թե ինչ մարտավարություն է որդեգրել Բաքվի իշխանությունը, ինչ նպատակներ է հետապնդում նման հայտարարություններով և ինչ պետք է սպասել կարգավորման գործընթացից՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական կոնյունկտուրան:
Կոնստանտին Զատուլինն ասաց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը բնութագրելիս՝ նշում է, որ, եթե չկա վատ լուր շփման գծից, ուրեմն իրավիճակը լավ է, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկար գործընթաց է: Ներկայումս, նրա բնորոշմամբ, եթե կա զոհ շփման գծում, և նման հայտարարություններ են հնչում, ուրեմն իրավիճակը լավ չէ: Միաժամանակ՝ նա նշեց, որ լայնածավալ և երկարաժամկետ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շատ քիչ է:
«Հասանովի հայտարարությունը բացառիկ նորություն չէ Ադրբեջանի համար, ցավոք սրտի, նման հայտարարությունները բնորոշ են Ադրբեջանին, փաստորեն, լինում են նաև այնպիսիք, որոնցից մենք զարմանում ենք, ինչպիսին Ադրբեջանի իշխանությունների պատմական բացահայտումներն էին, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու հռետորաբանությունը միայն Ադրբեջանին էլ հեղինակազրկում է:
Բնականաբար, նման հայտարարություններով իրավիճակը հակամարտության շուրջ սրվում է, արգելափակվում են Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: Ուստի ապագայում չեմ տեսնում կարգավորման հեռանկար Ադրբեջանում տիրող ներկայիս տրամադրությունների պայմաններում մոտ ապագայում:
Սակայն պատերազմական գործողությունները ելք չեն, ես չեմ ակնկալում պատերազմական գործողություններ, քանի որ պատերազմի վերսկսման մասին խոսում է Ադրբեջանը, կասեմ, որ Ադրբեջանի ներկայիս տնտեսական և նավթային, գազային եկամուտները թույլ չեն տա սկսել պատերազմ. դա կլինի ինքնաոչնչացում: Մյուս հանգամանքն էլ այն է, որ որևէ գերտերություն չի աջակցի Ադրբեջանին պատերազմի վերսկսման դեպքում:
Ադրբեջանը ցանկանում է նման թույլտվություն ստանալ, անկախ նրանից՝ կսկսի՞ պատերազմ, թե՞ ոչ, դա նրան թույլ կտա ավելի վստահ զգալ, սակայն որևէ կենտրոն դա չի անի, քանի որ նման պատասխանատվություն ստանձնելու ցանկություն չունի ոչ ոք:
Ընդհանուր առմամբ որևէ տեսակի բեկում Ղարաբաղյան հակամարտության գոտում չեմ ակնկալում, քանի որ կողմերը պահպանում են իրենց բոլորովին հակասական դիրքորոշումները, ուստի միջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նպատակն է՝ թույլ չտալ հակամարտության գոտում լարվածության բռնկում»,- ասաց Կոնստանտին Զատուլինը:
Ռուս խորհրդարանականի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը գերտերությունների ուշադրությունը ԼՂ հակամարտության ներկայիս կարգավիճակի վրա պահելն է, ցույց տալը, որ հակամարտությունը կարգավորված չէ, և այն պետք է կարգավորել:
Խոսելով կարգավորման գործընթացից` Զատուլինն ասաց, որ առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը չի կարող կարգավորվել: Ըստ նրա՝ երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ:
«Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը: ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում, իրավական տեսանկյունից կասկածելի է, որ ԼՂ-ն նույնիսկ մեկ օր է եղել Ադրբեջանի կազմում, այնպես որ, այդ պահանջից Ադրբեջանը պետք է հրաժարվի, դա հնարավոր չէ»,- ասաց Զատուլինը:
Խոսելով Ռուսաստանի միջնորդական ջանքերից` ռուս խորհրդարանականը նշեց, որ Ռուսաստանը՝ որպես այս հակամարտությունում մշտապես ջանքեր ներդրած միջնորդ, ներկայումս էլ անում է հնարավորը հակամարտության սրացում թույլ չտալու և կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով:
Ըստ նրա՝ հայկական հասարակության համար խնդիր էր Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, որն Ադրբեջանին տրվել էր ԼՂ հակամարտության գոտում չկիրառելու պայմանով, սակայն Ադրբեջանը խախտեց այդ պայմանն ապրիլյան պատերազմի ընթացքում, որից հետո Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը, ուղղեց իր սխալը՝ վերականգնելով ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև:
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնակատարության ժամանակ ցուցադրվեցին այն նորագույն զինատեսակները, որոնք Հայաստանը ստացել է Ռուսաստանից և որոնք ստացել էր ապրիլյան պատերազմից հետո: Հավասարակշռության պահպանումը կողմերի միջև զսպման ամենակարևոր գործիքներից մեկն է: Կողմերը պետք է իմանան, որ իրենց ցանկացած քայլ պատժելի է հակառակորդի կողմից»,- նման կարծիք հայտնեց Կոնստանտին Զատուլինը:
Նա վստահեցնում է՝ ցանկացած սպառազինություն, որ վաճառվում է Ադրբեջանին, հակազդման միջոց ունի Հայաստանի կողմից: