Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել են ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար Հանրապետության Նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Պատվո շքանշանով: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ:
«Սիրելի՛ մաեստրո, տաղանդների երկունքը դժվարին է, ու նաև հեշտ չի լինում անցած ճանապարհը, բայց տաղանդները նաև նրանով են տաղանդավոր, որ կարողանում են հաղթահարել դժվարությունները, կարողանում են հաղթահարել կատաղի դիմադրությունը՝ շատ հաճախ արվեստագետ և կարծես թե` հարազատ մարդկանց դիմադրությունը:
Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Եվ այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաև նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգևել եք հպարտության բազմաթիվ պահեր: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մի ընթրիքի ժամանակ մեր երիտասարդները մոտենում էին մաեստրոյին, նրա հետ էին ցանկանում լուսանկարվել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ ներկա էին նաև բազմաթիվ այլ աշխարհահռչակ գործիչներ: Սա, մաեստրո՛, արդեն այլ մոտեցում է, սա արդեն այլ հարթություն է:
Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,-իր շնորհավորական խոսքում ասել է Հանրապետության Նախագահը:
Մաեստրո Փելեշյանը շնորհակալություն է հայտնել հոբելյանական միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և իր արվեստը գնահատող բոլոր մարդկանց` մեծարանքի ու գնահատանքի խոսքերի համար: Անվանի կինոռեժիսորը նաև երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար:
«Մեծարգո՛ Նախագահ Սերժ Սարգսյան, մենք գիտենք, որ մեր երկիրը երկար ժամանակ է պատերազմական վիճակում է: Այդ պայմաններում Դուք ժամանակ եք գտնում կանգնել արվեստագետների թիկունքին և օգնել նրանց, որոնց թվում նաև ես եմ: Խորին շնորհակալություն Ձեզ այդ ամենի համար: Մեծարգո՛ պարոն Նախագահ, ինչ լավ է, որ Դուք կաք: Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»,-պատասխան խոսքում իր բարեմաղթանքն է հղել մաեստրոն: